«Հրապարակ» թերթը Պռոշյան գյուղում տիրող իրավիճակիմասին զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, ով վստահեցրել է, որ աշխատատեղերի խնդիր կա երկրում, և թափուր պաշտոններն արագ կհամալրվեն նորերով.

 -Պարոն Շահգալդյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Պռոշյան գյուղում։

 -Իրենց պիտի հարցնեք, ինձ հարցնում եք, որ ի՞նչ ասեմ։

 -Դուք մարզի ղեկավարն եք, գյուղապետարանը գործում է Ձեր ենթակայության ներքո, Ձեզ չե՞ն մտահոգում գյուղում տեղի ունեցող իրադարձությունները։

 -Ամեն մեկն իր ցանկությամբ է աշխատանքի ընդունվում ու իր ցանկությամբ էլ ազատվում է։

 -Բայց սա այդ դեպքը չէ, ողջ աշխատակազմը հրաժարական է տվել, ինչն աննախադեպ է։ Աշխատանքային խնդիրներ չե՞ն ծագի, քայլ չե՞ք անելու այն կանխելու ուղղությամբ։

 -Բացարձակապես, աշխատանքը դրանից չի տուժելու։ Մենք համապատասխան մասնագետներով կաջակցենք համայնքի ղեկավարին, մինչև ինքը կհավաքի կադրեր։ Հիմի, որ մարդիկ ազատվում են, ի՞նչ անենք, իրենց որոշումն է, Աստված իրենց հետ։ Տեղական ինքնակառավարման օրենքի համաձայն, համայնքային ծառայողներին աշխատանքի ընդունում և ազատում է աշխատակազմի քարտուղարը։ Հիմա աշխատակազմի քարտուղարը, մինչ համայնքի ղեկավարն իր պաշտոնին անցնելը, բոլորին աշխատանքից ազատել է, մնացել է ինքը, ինքն էլ դիմում է տվել, թող համայնքի ղեկավարն ազատի։ Եթե մարդը չի ուզում աշխատի, զոռով կլինի՞ պահել աշխատանքի։

 -Չե՞ք ուզում միջամտել, չէ՞ որ սա պարզապես աշխատանքից ազատվելու հարց չէ, ընդվզում է անարդարության դեմ։

 -Համայնքի ղեկավարի ֆունկցիաների մեջ ես իրավասու չեմ մտնելու, մինչև գյուղապետին հասնելը աշխատակազմի քարտուղարն արդեն ազատել ա։

 -Դուք մտահոգված չե՞ք Պռոշյանում տեղի ունեցող իրադարձություններով։

- Ես գիտեմ դրդողներն ովքեր են, դրդապատճառները, պատկերացրեք, որ կմտածեք, թե գյուղապետարանի աշխատանքը դրանից կտուժի, ես կհավաստիացնեմ, որ գյուղապետարանը բնական ընթացքով կաշխատի։

 -Ովքե՞ր են դրդողները։

 -Այ, էդ հարցին թույլ տվեք չպատասխանել, Ձեր լրագրողական բաներով պարզեք։ էդ պիտի հարցնեք տվյալ մարդկանց, ես ո՞նց պատասխանեմ ուրիշի փոխարեն։ Եթե մարդուն որևէ մեկը չի դրդել ազատվել, իրենց կամարտահայտմամբ են ազատվել, ինչի՞ համար պիտի բողոքեն, ընտրված է համայնքի ղեկավար։

 -Դուք անգամ մտահոգվա՞ծ չեք, որ քաղաքացիական ընդվզումը կարող է վարակիչ դառնաք մյուս համայնքներում էլ գլուխ բարձրացնեն՝ կապված տարբեր հարցերի հետ։

 -Այսօր ՀՀ-ում աշխատանք գտնելը բավականին լուրջ խնդիր է, մենք բոլոր համայնքներում էլ ունենք ձևավորված աշխատակազմեր, մարդիկ աշխատում են սիրով, ինչի՞ պիտի ընդվզում առաջանա, ո՞րն է էդ հողը, կարո՞ղ եք ասել։ Աշխատում են, ապրում են։

 -Երբ գյուղացիները բոյկոտեցին ժամանակավոր պաշտոնակատարին, Ձեր օգնականներից մեկին ուղարկեցիք որպես փոխևինող, այս անգամ սեփական կադրերով աջակցե՞լ եք։

-Եթե անհրաժեշտություն զգացվի, համայնքի ղեկավարը դիմի, իհարկե, կաջակցենք։