Հայ–ադրբեջանական սահմանում ընթացող մարտերի ընթացքում զոհվել են երկվորյակ եղբայրներ՝Վահե և Էդգար Առաքելյանները:

Եղբայրները Հրազդան քաղաքից էին, սովորում էին Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երրորդ կուրսում:

Tert.am-ի հետ զրույցում Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ժողամբիոնի վարիչ, զոհված զինծառայող էդգար Առաքելյանի մասնագիտական դասարանի՝ դուդուկի ուսուցիչ Վաչե Փաշինյանը նշում է, որ Էդգարը դուդուկահար պետք է դառնար, Վահեն՝ փողային բաժնում կլառնետ էր նվագում:

«Շատ համեստ, շնորհքով երեխաներ էին, այնքան խելոք, որ էդգարը նույնիսկ խոսում էր, ասում էի՝ մի քիչ բարձր խոսա՝ չեմ հասկանում, զերծ էին մնում տղայական ընդհարումներից, աշխատում էին ամեն ինչ հաշտ ձևով անցկացնել: Որոշել էին, որ երկու եղբայր բանակից գային պետական քննություն հանձնեին:

Միշտ նշում էին, որ եթե բանակ գնանք, ուզում ենք միշտ իրար հետ լինենք, չնայած որ միշտ էլ իրար հետ էին: Ես մեկ-մեկ իմ ուսանողների հոգեբանական վիճակը հասկանալու համար կատակով հարցնում եմ՝ չե՞ս ուզում բանակից ազատվես, էդգարին էլ մի անգամ հարցրեցի, ասաց՝ ընկեր Փաշինյան, հո ես «նեգոդնի» չեմ լինելու, մեզ ի՞նչ է եղել, որ բանակից ազատվենք, նման մտադրություն չունենք, գնանք ծառայենք գանք, հետո մեր ուսումը շարունակենք, որ հանգիստ լինենք»,- պատմեց Վաչե Փաշինյանը:

Ուսուցիչը Առաքելյանների օրինակով, նշում է, որ իրենց քոլեջում երեխաների 99 տոկոսը իրենց ցանկությամբ են բանակ գնում, այս պահին էլ Վահեի և Էդգարի կուրսեցին ծառայության ժամանակ վիրավոր է, ով կրկին մեծ ցանկությամբ էր բանակ գնացել:

«Վահեն ու Էդգարը իրենցից մեծ եղբայր ունեին, մի քանի օր առաջ կամավորագրվել էր, որ գնար կռից, բայց զինկոմիսարիատից ասել էին՝ քո երկու եղբայրն արդեն ծառայում են, եթե պետք լինի կկանչենք, բայց պարզվում է այդ ժամանակ արդեն Վահեն ու Էդգարը զոհված են եղել»,- նշեց ուսուցիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։