«Հայկական ժամանակ»թերթն անդրադարձել է հուլիսի 26-ի գիշերը հեծանվորդի կողմից տաքսու վարորդին հրազենային վնասվածք հասցնելու թեմային:

Ըստ լրատվամիջոցների` Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում` «Մեղեդի» սրճարանի դիմաց,  տաքսու վարորդ Վահան Հովհաննիսյանը դեռևս անհայտ պայմաններում վիճաբանել է հեծանվորդի հետ, որի արդյունքում վերջինս կրակել է տաքսու վարորդի վրա:ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ «Կոմա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ` Վ.Հովհաննիսյանը տեղափոխվել է  հիվանդանոց: Ըստ նույն հաղորդագրության` ժամը 02:45-ի սահմաններում Վ.Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Թերթի տեղեկացմամբ հրազենը և անհայտ հեծանվորդը չեն հայտնաբերվել: Այս մասին թղթակցին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Կատարվում է նախաքննություն:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 30.07.2013թ. համարում: