Այսօր ԱԺ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով պատերազմի մեկնարկից մինչ օրս դիվանագիտական հարթակների աշխատանքին, նկատեց, որ Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ միջազգային հանրության կողմից Թուրքիային ուղղված շատ խիստ հայտարարություններ են եղել։


«Միջազգային հարթակներում հնչեցվեցին հանգամանքներ՝ առ այն, որ Ադրբեջանն օգտագործում է վարձկանների, ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայացուցիչների, որոնք գլխացավանք են դառնալու այս տարածաշրջանի համար»,- հավելեց նա։


«Թուրքիան Մինսկի խմբի երկիր է, բայց, դրանով հանդերձ, նա իրեն պահում է ոչ թե ոչ անաչառ, այլ ուղղակի որպես մի կողմի պատերազմը սնուցող երկիր։ Հիմա այդ երկիրն ուզում է դառնալ համանախագահ, ինչի՞ մասին խոսել է Ալիևը։ Դա անթույլատրելի է և ոչ մի կերպ չի կարող տեղի ունենալ։ Մինսկի խումբը պետք է պահպանել այնպես, ինչպես կա»,- շեշտեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։


«Եվս մի կարևոր շատ հանգամանք․ վերջին տարիներին չեք գտնի շատ հայտարարություններ, որտեղ Պուտինը, Թրամփը և Մակրոնը ստորագրած կլինեն մի թղթի տակ։ Չկա հարց, որտեղ Ռուսաստանն ու Ամերիկան համատեղ մի բան կանեն»,- արձանագրեց Մարուքյանը՝ նշելով, որ դա կարևոր դիվանագիտական աշխատանքի արդյունք է։