Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Մարտին Սոննենբորնը (Գերմանիա) այսօրվա նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: «Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման և նրանց դեմ կասետային ռումբեր են կիրառում։
Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով… Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի, ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը՝ ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։
Իմ ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռևս նրան գործընկեր է համարում։ Նա ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով` Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրականում։ Իբրև անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը։
Ես հուսով եմ, որ մյուսները կհետևեն սրան և սույնով մենք միջազգային հանրության պաշտպանությունը կտրամադրենք (Լեռնային Ղարաբաղի ժողովրդին)»։