«Մխիթարը 20 տարեկան էր, այս տարի պետք է զորացրվեր, նույնիսկ ծննդյան օրն եմ հիշում՝ օգոստոսի 17-ին, բան չէր մնացել, որ գար, մի քանի ամիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Մխիթար Գարիկի Գալեյանի դասղեկը՝ Լուսինե Արտենյանը:
«Մխիթարին դասավանդել եմ 5-րդ դասարանից, այդ ժամանակից ինքն աչքի էր ընկնում իր աշխուժությամբ, բարի էր շատ, վճռական էր, տաքարյուն էր, որ ասացին՝ զոհվել է, ես մտածեցի, որ ինքն իր կամքով է գնացել այդ թեժ կետը, որովհետև ինքն այն տղաներից չէր, որ խուսափեր: Իմացա՝ Մխիթարը վազել է, որ ընկերներին օգնի, ու այդտեղ է նահատակվել, ինքն այնքան հայրենասեր էր, այնքան ընկերասեր, որ չէր թողնի ուրիշը գնար և օգներ ընկերներին: Ապրում էր ծնողների և իրենից փոքր քրոջ հետ: Քույրը միշտ պատմում էր, հպարտանում էր եղբորով, ինչքան հարցնեին՝ ո՞նց է, ինչպե՞ս է ծառայությունը, ասում էր՝ երբեք չի բողոքում, որևէ բանից երբեք չի տրտնջում: Լուսանկարներ էր միշտ ուղարկում, որ լավ է: Դպրոցում էլ միշտ աչքի է ընկել հայրենասիրությամբ: 9-րդ դասարանում փոքրիկ վեճեր էին լինում, այլ դասարանների տղաները նեղացնում էին աղջիկներին, ինքը միշտ պատրաստ էր կանգնել և՛ դասարանի պատվին, և՛ ուսուցիչների, և՛ աղջիկների, միշտ աչքի է ընկել տղամարդկությամբ: Մեր բոլոր դասատուները մեծ ցավ են ապրում, այնքան լուսավոր երեխա էր: Քիչ առաջ նստած թերթում էի վերջին զանգի նկարները… Վերջին զանգի միջոցառման համար Մխիթարը մոտեցավ, ասաց՝ կարելի՞ է մաթեմատիկայի ուսուցչուհուն նվիրված բառերը ես ասեմ, ասացի՝ ձեր ցանկությամբ, ով որ ուսուցչուհուն ուզում է, թող իր շնորհակալությունը հայտնի»,- ասաց Մխիթարի դասղեկը:
Նրա խոսքով՝ պատերազմը սկսվելուն պես Մխիթարի հայրն էլ է մեկնել ճակատ, սակայն վիրավորում է ստացել, մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից:
«Հայրն էլ էր գնացել կռվել, վիրավորվել է, այստեղ ծանր վիրահատություն է տարել, դուրս գրվեց, 2 օր հետո այդ բոթը լսեցինք: Հայրն էր նրան այդպիսին դաստիարակել, առյուծից առյուծ է ծնվում: Նա մեկնել էր ռազմաճակատ ոչ թե՝ տղուն պաշտպանելու, այլ՝ տղայի կողքին լինելու և հավասար կռվելու»,- ասաց դասղեկը:
Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Մխիթար Գալեյանի հուղարկավորությունը: Լուսինե Արտենյանն ասաց, որ դպրոցում Մխիթարին նվիրված փոքրիկ անկյուն է բացվել, որտեղ դպրոցի աշակերտները 1 րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը: Արտենյանը վստահեցրեց՝ ինքն ամեն ինչ անելու է, որ Մխիթարի հիշատակը վառ մնա: