Հայկս ծառայության գնալիս ասեց.
-Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ:
Տենց էլ եղավ, դարձավ մեր պահապան հրեշտակը:
Դեռ պատերազմի առաջին օրն էր,անընդհատ զանգում էր, ասում էր կյանքս մի անհանգստացի սաղ տոչնիա, քեզ լավ նայի, նստի շորերը ընտրի, պատվիրի, որ հասցնենք,(հոկտեմբերի 25ին Հայկիս ընկերոջ նշանդրեքն էր:Քավորը Հայկն էր լինելու) քեզ շատ եմ սիրում, կզանգեմ:


Ամեն օր զանգում էր, շատ ուրախ ու հանգիստ էր խոսում, եթե իրեն չճանաչեի կմտածեի, թե ապահով վայրում թաքնված է:Միայն ասում էր, որ հիշեմ, թե ինչքան շատ է ինձ սիրում, միայն դա էր կրկնում, երբ խնդրում էի խոստանալ, որ հետ կգա, մերժում էր, ասում էր,որ խոստանալ չի կարող:


Հայկի եղբոր ընկերները գնացել էին Հադրութ` Հայկի մոտ, զանգել տանեցիներին ասել էին, որ բոլորը Հայկի ու իր հետ եղած 6 զինվորների մասին են խոսում, թե ոնց են առաջնագծում կռվում, առաջ գնում, մինչդեռ շատերը փախնում էին:Մեծ հպարտության հետ մեկտեղ խոր անհանգստություն էր:Ախր մեզ ասում էր ստեղ բան չկա, նորմալա, հաց եմ ուտում քնեմ, բան չկա անելու:


Վերջին խոսակցության ժամանակ խոստացավ, որ հետ կգա, ասում էր, որ երբեք չմոռանամ, թե ինչքան է ինձ սիրում, ինձ լավ նայեմ, հոգ տանեմ իմ մասին, մինչև ինքը գա:Խնդրել էր, որ գնամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու 3 հատ մոմ վառեմ, արել էի:
Ընկերների հետ խոսելիս էլ ասել էր, որ ինքը կանգնած է առաջնագծում, որ ընկերներն էստեղ անեն ամեն բան իրենց նպատակներին հասնելու համար:
Պատերազմի հինգերորդ օրը(Հոկտեմբերի 1) Հայկս զոհվեց:


3 ընկեր էին, առաջին գռադից պատը փլվել էր ընկերոջ վրա, վազել է, որ հանի ընկերոջը, մյուս ընկերն էլ իր հետևից, գցել են երկրորդ գռադը, Հայկս մյուս ընկերոջ հետ մարմնով պահել է պատի տակ մնացած ընկերոջը, իրենք զոհվել են, իսկ վիրավոր ընկերը Հայկի հոգեհանգստի ժամանակ բացել է աչքերը, չնայած որ վիճակը շատ ծանր էր:
Հոգուս խորքում որքան էլ նեղացած լինեմ, աննկարագրելի հպարտ եմ, ես վստահ եմ, որ ինքը դրախտում իրեն արժանի արքայությունն է վայելում:


Հայկս աննկարագրելի հոգատար էր, ուշադիր, կյանքով լի, ունեինք բազում նպատակներ ու երազանքներ, մեր նշանդրեքն էինք պլանավորում: 4 ամիս էր մնացել, մեզ թվում էր, որ սա մեր վերջին փորձությունն է, 4 ամիս անց պիտի լինեինք ամենաերջանիկը: Ամեն օր ապրում էինք այն սպասումով,որ շուտով կվերջացներ ծառայությունը ու էլ ոչինչ մեզ չէր խանգարի:


Հայկն ինձ համար ամենինչ է արել, ամենինչ, իր կողքին ես ամենաերջանիկն ու բախտավորն եմ եղել:
Վստահ եմ, հիմա ամեն բան անում է, պատրաստում է, որ երբ գնամ իր մոտ,վերջապես միասին լինենք ու էլ ոչինչ չխանգարի մեզ:


Կյանքից նեղացած լինելով հանդերձ, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, որ հենց ինձ ես ընտրել, որ ունեցել եմ ամենասիրուն ու չկրկնվող պատմությունը:
Սիրում եմ քեզ, ավելի շատ, քան երբևէ….