«Մոտ 20 օր առաջ «Էյր Արմենիա» ընկերությունը քաղավիացիայի վարչությունից թույլտվություն է ստացել 6 ուղղություններով թռիչքներ իրականացնելու և, փաստորեն, ավիափոխադրող ընկերության կարգավիճակ է ստացել։ Այս մասին երեկ մեզ հայտնեց քաղավիացիայի մամուլի պատասխանատու Նելլի Չերչինյանը՝ հավաստիացնելով, որ սա ժամանակավոր թույլտվություն է, և առայժմ վաղ է պնդել, թե «էյր Արմենիան» զբաղեցնելու է «Արմավիայի» տեղը։ Սակայն, նկատի ունենալով, որ այդ 6 ուղղությունները՝ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա, առավել շահութաբեր թռիչքագծերն են, կարելի է ենթադրել, որ վերջերս տարածվող խոսակցություններն այն մասին, թե «էյր Արմենիան», որը 2003-ից զբաղվում էր միայն բեռնափոխադրումներով, լինելու է մեր նոր ազգային ավիավտխադրողը, այնքան էլ անհիմն չեն»,-գրում է «Հրապարակը»։
«Հրապարակ» թերթը զրուցել է «Էյր Արմենիայի» գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
-Հնարավո՞ր է, որ Դուք զբաղեցնեք «Արմավիայի» տեղը և դառնաք ազգային ավիափոխադրող։
-Չենք բացառում, որ «էյր Արմենիան» դառնա ազգային ավիափոխադրող, բայց կլինենք, թե չենք լինի, կախված է կառավարությունից, նրանից, թե ինչ հետագա զարգացումներ տեղի կունենան ավիափոխադրումների ոլորտում։
-Ճի՞շտ է, որ «էյր Արմենիան» պատկանում է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին։
-Վահան Հարությունյանն ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է։ Մյուս 50 տոկոսը պատկանում է ինձ։
-Պարոն Ավետիսյան, ժամանակին ավիատորները բողոքում էին, որ «էյր Արմենիան» «Հայկական ավիաուղիների» գույքը հանեց վաճառքի, որպեսզի մարի «ավիաուղիների» պարտքերն աշխատավարձի գծով, սակայն մինչ օրս այդ պարտքերը չեն վճարվել։ Դա ճի՞շտ է, և որտե՞ղ են վաճառքից գոյացած գումարները։
-Ես կարծես թե հասկանում եմ ինչի մասին է խոսքը։ Փորձեմ բացատրել։ «Հայկական ավիաուղիների» փլուզումից հետո, երբ ընկերությունը սնանկ ճանաչվեց, ՀՀ կառավարությունը որոշեց «Հայկական ավիաուղիների» իրավունքները փոխանցել «Սիբիր-Արմավիային», բայց «Հայկական ավիաուղիներում» կար ինչ-որ գույք, որը պետք է վաճառվեր և աշխատողների աշխատավարձը վճարվեր։ Մենք ձեռք բերեցինք «Ավիաուղիների» ավիատեխնիկական բազայում գտնվող լաբորատոր բոլոր սարքավորումները, որոնք պիտանի էին սովետական արտադրության տեխնիկայի, ինքնաթիռների սպասարկման համար։ Մենք շուկայական գներով ենք գնել այդ բազան, ոչ թե ինչ-որ մեկից օժիտ ենք ստացել։ Ինչ վերաբերում է «Հայկական ավիաուղիների» պարտքերին, ապա դրանց հետ մենք ոչ մի կապ չունենք։
-«Հայկական ավիաուղիների» ավիատորների աշխատավարձի գծով պարտքեր չե՞ն մնացել։
-Ավիատորների աշխատավարձն ամբողջությամբ փոխհատուցվել է։ Բայց կան պարտքեր մասնագիտական հիվանդություններ ունեցող թոշակառուներին, որոնց թվում է, ի դեպ, նաև իմ հայրը։ Դա «Հայկական ավիաուղիների» այն աշխատողներն են, ովքեր լսողության հետ կապված խնդիրներ ունեն, մոտ 30 հոգի։ Նրանք դեռ սպասում են և իրենց գումարները կստանան այն ժամանակ, երբ «Հայկական ավիաուղիների» գույքը վաճառվի։ Բայց «Էյր Արմենիան» այդ գործընթացի հետ կապ չունի։