Շիրակի մարզի Արփի գյուղի բնակչի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին 1 մլն դրամի փոխանցման լուրը համացանցում տարածվել էր հոկտեմբերի 17-ին: «Միլիոն էր, խոմ միլիարդ չէր, օր ըդպես խառնվել եք իրար: Հայրենիքի փրկության համար էդ չնչին գումար է»,-բարեհոգի ժպիտը դեմքին նկատում է 89-ամյա Հովսեփ Ենգոյանը՝ կնոջ օգնությամբ տեղավորվելով տնակից բակ տեղափոխած անվասայլակի վրա:
Հովսեփ պապի կապույտ տնակը գյուղի սկզբնամասում է: Ապրում են կնոջ հետ, երեք զավակներից աղջիկներն ամուսնացած են՝ ապրում են ՌԴ-ում, տղան երկու տարի առաջ է մահացել: Հավաքված գումարը Հովսեփ պապի թոշակն էր: «Իմ թոշակն ու մեղրից ստացած եկամուտն ենք ծախսել, իր թոշակը՝ հավաքել: Նեղ օրվա համար կհավաքեինք ու երեւի էսօրվանից էլ նեղը չկար՝ տվեցինք, մեծ բանըմ չենք էրել»,-ասում է 72-ամյա Ասյա Ենգոյանը:
Նյութի աղբյուրը՝ Hetq.am