Իրանի հակաօդային պաշտպանության զորակայանի օպերատիվ ղեկավարմամբ ու առաջնորդությամբ, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնակցությամբ, հոկտեմբերի 21-ին կմեկնարկի «Վիլայաթի երկնքի պաշտպանների հակաօդային պաշտպանություն-99» զորավարժությունը․ այս մասին հաղորդում է ParsToday-ը։
Զորավարժության հրամանատար բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է. «Մարտական պատրաստվածությունը բարելավելու և Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության հնարավորությունները մեծացնելու նպատակով, զորավարժությունը կանցկացվի բանակի ՀՕՊ ստորաբաժանումների, ավիատիեզերական ուժերի և օդուժի մասնակցությամբ, Իրանի հակաօդային պաշտպանության զորակայանի օպերատիվ ղեկավարմամբ ու առաջնորդությամբ»:
Զորավարժությունն ընդգրկելու է երկրի տարածքի կեսը:
Զորավարժության հրամանատարը հավելել է. «Զորավարժություններում կօգտագործվեն սեփական արտադրության տարատեսակ հրթիռային համակարգեր, ռադարներ, հետախուզական տեղեկատվություններ, էլեկտրոնային պատերազմ, կապի համակարգեր և բանակի ու ԻՀՊԿ-ի տեսողական հսկողության ցանցը»:
«Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կկիրառվի ամբողջապես տեղական արտադրության սարքավորումների և զենքի նոր սերունդ և Իրանի հակաօդային պաշտպանության նոր մարտավարությունը»,- ասել է բրիգադային գեներալ Ռահիմզադեն: