ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ներկայացրեց ՔԿ-ում հարուցված քրգործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, որոնցով հիմնավորվում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես ծրագրված, կազմակերպված և իրականացված բոլոր հանցավոր արարքները։
Վարդանյանը կարևոր համարեց նշել, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների, Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները տեղերում, զորամասերում անձամբ են իրականացրել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները։ Ի լրումն ներկայացրած տվյալների՝ ասուլիսի ժամանակ ցուցադրվեց ադրբեջանցի ռազմագերու հարցաքննությունից հատված։


«2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք։ Սույն թվականի ամռանը անցկացվել են համատեղ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո Թուրքիայի բանակի զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում: Տեղեկացրել են, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն նաև Պակիստանից ժամանած զինծառայողները։ Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել 3-ից 5 օր, որի նպատակն է եղել լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը»,- իր ցուցմունքում խոստովանում է ադրբեջանցի ռազմագերին։