Lragir.am-ը գրում է. Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նոյեմբերի 5-ին անսպասելի հայտարարություն է արել՝ կապված հոկտեմբերի 25-ի ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի հետ, որ հրավիրել էին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները, որոնք ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ են:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ եռյակը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բավական հավասարակշռված հայտարարության նախագիծ, որ պետք է բարձրաձայներ ԱԽ տվյալ պահի նախագահողը՝ Ռուսաստանը: «Այնքան հավասարակշռված էր, խոսքը վերաբերվում էր կրակի դադարեցմանը, նրան, որ երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերվում էր նրան, որ անընդունելի է, որ ահաբեկիչները հայտնվում են այս հակամարտության մեջ: Եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց դա», հայտարարել է Շավարշ Քոչարյանը:

Ո՞րն է այդ պետությունը, որ տապալել է Արցախի դեմ ագրեսիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ հայտարարությունը: Եվ ինչու՞ է տապալել, եթե այն հավասարակշռված հայտարարություն էր, ինչպես նշում է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը:

Շավարշ Քոչարյանը նշում է, որ տապալողը եղել է մշտական անդամ պետություններից մեկը: Դատելով նրա խոսքից, հայտարարությունը ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ ներկայացրել են Մինսկի խմբի երեք համանախագահները, այսինքն մշտական հինգ անդամներից երեքը՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա: Եթե նրանք երեքով հրավիրել են արտահերթ նիստ եւ ներկայացրել հայտարարության նախագիծ, ապա քիչ հավանական է, որ նրանցից մեկն է տապալել այն, թեեւ ոչինչ չի կարելի բացառել:

Այդ պարագայում տապալողները թերեւս մնացյալ երկուսից մեկն են՝ Չինաստան կամ Մեծ Բրիտանիա: Այդ իմաստով, առաջինը կասկածի տակ հայտնվում է Մեծ Բրիտանիան: Համենայն դեպս, այստեղ կասկածի հարուցիչները իսկապես նկատելի են ու շատ: Բրիտանական Բրիթիշ Փեթրոլեումը Ադրբեջանի եւ Թուրքիայի նավթային գործընկերն է: Դրան զուգահեռ, ամիսներ առաջ ադրբեջանական պրոպագանդան ուրախությամբ արձանագրում էր, որ բրիտանական հետախուզություն՝ MI 6-ի նոր ղեկավար է նշանակվել Էրդողանի մտերիմ Ռիչարդ Մուրը, որը 2014-17 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Թուրքիայում: Բաքվի պրոպագանդան հայտնում էր, որ Մուրը բրիտանական քաղաքական դասին փորձում է ներարկել Կովկասում Թուրքիայի կարեւորությունը: Պետք չէ մոռանալ նաեւ Բրիտանիայում Ալիեւի ֆինանսական մեծ «ներկայության» մասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում