Ֆրանսիական Beringer aero ընկերության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերի ժամանակ կիրառվող ռազմական ԱԹՍ-երի արտադրության համար:
Ընկերությունը նաև շեշտել է, որ իր քաղաքականությունն է՝ թույլ չտալ իր ապրանքների օգտագործումը մարդկային կյանքերին սպառնացող միջոցներում:
Beringer aero ապրանքատեսակները նախագծվում և արտադրվում են Ֆրանսիայում քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համար, ուստի նշված չեն Եվրոմիության երկակի օգտագործման պարագաների վերահսկման ցուցակում: Ընկերությունն արտադրում է թռչող սարքերի անիվներ և արգելակման համակարգեր: