«Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետի՝ դիզվառելիքի գործով ձերբակալվելու պատմությունը կարող է ծանր նստել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի վրա, որի ղեկավարած մարզում 48 հազար տոննա դիզվառելիք է բաժին հասել Ջոնիկ Աբրահամյանին՝ Ազզային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբորը։ Կամ, այլ կերպ ասած, Աբրահամյանների՝ սոցիալապես ապահովված ընտանիքին։ Այս աղմկահարույց գործից հետո Բարսեղյանը, ըստ որոշ լուրերի, չի ցանկանում մարզպետ աշխատել։ Երեկ նաև լուրեր տարածվեցին, թե չի բացառվում, որ Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվի Արարատի մարզպետ, ծնունդով սյունեցի Էդիկ Բարսեղյանը։ Վերջինս երեկ բավական լարված վիճակում էր և մեծ դժվարությամբ պատասխանեց մեր մի քանի հարցերին»,-գրում է «Հրապարակ» թերթը։

 

Ներկաայցնում ենք մարզպետի հետ թերթի ունեցած հարցուպատասխանը։

 

-Պարոն Բարսեղյան, փաստորեն, դեռ չեք պատրաստվում թոշակի գնալ և դեռ ցանկություն ունեք պատգամավոր աշխատել։

 

-Ես էդ մասին ոչ մտածել եմ, ոչ մտածում եմ, ոչ խոսակցություն եղել է այդ մասին, նաև իմ ընտանիքում նման քննարկում չի եղել։ Իրականությանը դա չի կարող համապատասխանել, քանի որ նման ցանկություններ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ընդհանրապես չունի, չի էլ կարող ունենալ։

 

-Պարոն Բարսեղյան, բայց ասում են, որ դիզվառելիքի սկանդալից հետո այլևս ցանկություն չունեք մարզպետի պաշտոնում աշխատել...

 

-Վայ... որտեղի՞ց Ձեզ էդ ինֆորմացիան... Ուրեմն ասեմ Ձեզ. ես պաշտոնից կհրաժարվեմ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը, կառավարությունը դժգոհ կլինեն իմ աշխատանքից և կասեն. «Պարոն Բարսեղյան, լավ չեք աշխատում, ազատեք Ձեր պաշտոնը»։

 

-Պարոն Բարսեղյան, այդ սկանդալից հետո անհարմար չե՞ք զգում աշխատել Ձեր պաշտոնում, դե, հայտնի հարուստ ընտանիքին, նաև Ձեր գիտությամբ, դիզվառելիք է տրամադրվել։

 

-Բայց ի՞նչ եմ արել, որ անհարմար զգամ։ Եվ հետո՝ հայտնի ընտանիքը ոչ մի կապ չունի և չի էլ կարող կապ ունենալ, ով արել ա, էդ մարդն էլ իրա պատիժը կրում ա, ինչ պետք ա անի։ Աբրահամյաններին տրամադրվել է ավելի քիչ, քան իրենց հասնում է։ Կառավարության որոշումը նայեք՝ կտեսնեք, որ այնտեղ սահմանափակումներ չկան։ Վերջ, մնացած հարցերն ինձ կուղղեք գրավոր։