Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը ուղարկվել է երկրի խորհրդարան, հայտնում է Anadolu գործակալությունը։
Սպասվում է, որ Թուրքիայի խորհրդարանը այդ հարցը կքննարկի առաջիկա օրերին։
Հրամանագրի տեքստում նշվում է Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարության պայմանների, ինչպես նաև Թուրքիայի և ՌԴ-ի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ կենտրոնի ձևավորման վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին:
«Համատեղ կենտրոնի վայրը կորոշվի Ադրբեջանի կողմից։ Կենտրոնում գործելու են զինծառայողներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական մասնագետներ։ Կենտրոնի աշխատանքն ուղղված կլինի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման քայլերի ֆոնին։ Զինվորականներին Ադրբեջան ուղարկելը նույնպես համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին»,-ասվում է փաստաթղթի տեքստում։
Առաքելության շրջանակները, անձնակազմի թվաքանակը և գործողության ժամկետները կորոշվեն Թուրքիայի նախագահի վարչակազմի կողմից: