«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան:

«Իրատեսի» հետ զրույցում պատգամավորներից մեկը նշեց. «Իհարկե պետք է գնա, մնում է՝ ի՞նչ անի: Ո՞վ է տեսել, որ պատերազմում պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել: Այնպես չէ, թե մենք հաշտ ենք տեղի ունեցածի հետ, ուղղակի չենք ուզում երկիրը ցնցումների տանել ու կտրուկ հայտարարություններ անել: Տեղներս չենք գտնում, ամբողջ օրը մտածում ենք՝ ինչ անենք, որ ճիշտ լինի, բայց մեզ էլ է հասկանալ պետք, մենք էլ բոլորի նման անակնկալի ենք եկել»:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ Փաշինյանի պաշտոնանկությանը կողմ է խմբակցության անդամների մոտ 80 տոկոսը: «Այդ դեպքում ի՞նչն է կաշկանդում, որ անվստահություն հայտնեք նրան»,- հարցրինք: «Նախ այն, որ թիմի ներքին հակասությունները, քննարկումներն ու քննադատությունը հրապարակային չդառնան, երկրի անվտանգության հետ կապված հարցեր էլ կան: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրինակ, վստահ են, որ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Թուրքիայից եկող վտանգ ենք տեսնում, մտածում ենք՝ մի փոքր էլ համբերենք, իրավիճակը հանդարտվի, հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց պատգամավորը:


Մեզ հետ զրույցում իշխանության ներկայացուցիչը պարզաբանեց՝ Փաշինյանի հրաժարականը չի նշանակում, թե փողոց են դուրս գալու, միանան հրապարակում հավաքվածներին ու «Նիկոլ, հեռացիր» վանկարկեն: Հակառակը, թեեւ Փաշինյանը կգնա, բայց մեկ ուրիշ ՔՊ-ականի կբերեն. «Եթե Փաշինյանը գնա էլ, ապա մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր թիմից որեւէ մեկը կփոխարինի նրան, օրինակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: