Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դարձել ենք Ռուսաստանի գուբերնիա
Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ. մոտավորապես այս վիճակում ենք հայտնվել այսօր, բայց մորաքրոջ փոխարեն տիրակալն է գալիս՝ առանց դուռը ծեծելու եւ սեփական օրակարգով:


Վաղը, ըստ լուրերի, Հայաստան են ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:


Պատերազմից 26 օր առաջ հրապարակված Ժիրայր Լիպարիտյանի հոդվածի կանխատեսումները այսօր իրականություն են: Այս հոդվածից հետո Արցախի և Հայաստանի որոշ պաշտոնյաներ հակառակվեցին, թե Լիպարիտյանը սխալ կանխատեսումներ է անում: Չմանրամասնեմ: Բայց հատկապես նշեմ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը Սիվիլնեթում մի հոդված էր հրապարակել և առանց Լիպարիտյանին հղում անելու ինչ-որ ապացույցներ էր բերում, թե Ղարաբաղյան հարցը կապ չունի տնտեսական զարգացման հետ, ժողովրդավարության և մնացած այլ հարցերի հետ: Կային նաև որոշ այլ վերլուծաբաններ՝ ոչ մի քննություն չբռնող իրենց պնդումներով:
Որտե՞ղ են հիմա այս օրակարգ մշակողները, վերլուծաբանները, քաղաքագետները:

Այսօր իրականություն է Ժիրայր Լիպարիտյանի հոդվածում նշված պատերազմը և պարտությունը, վտանգված ժողովրդավարությունը, հարցականի տակ կքած տնտեսական զարգացման հնարավորությունը, և Հայաստանի ինքնիշխանությունը՝ մեր պետականությունը:


Ինչո՞ւ են մարդիկ այնքան մեծամիտ, որ չեն լսում ուրիշներին, մանավանդ նրանց, ովքեր փորձ ունեն և հաջողել են իրենց աշխատանքում, թեկուզև այդ մարդկանց կարծիքը չի համապատասխանում իրենց երազներին և հաճո չէ իրենց ականջներին: Ինչո՞ւ են պետության շահերը հարմարեցվում սեփական անձի նկրտումներին և ոչ հակառակը:
Ինչո՞ւ է հեղափոխական տեքստով իշխանության եկածը երկրին այսքան ցավ պատճառում: Ինչո՞ւ, ինչո՞ւ փշալարերով բարձրացողը այնքան քաջություն չունի ուրիշներից սովորելու, սեփական սխալները ընդունելու, գլխահակ հեռանալու: Ինչո՞ւ է նա մուրում հարգանք և վստահություն, մինչդեռ ուներ այնքան լեգիտիմություն, որ կարող էր արժանապատիվ կյանք ապահովել իր երկրի համար, բայց ծնկի բերեց այդ նույն երկիրը:


Որտե՞ղ ենք մենք սխալվել: Ե՛ս որտե՞ղ եմ սխալվել: Որ ցանկացել եմ ազնիվ ղեկավա՞ր ունենալ: Մի՞թե դա հանցանք է:
Մի՞թե հնարավոր չէր երկրի ղեկին հայտնվելուց հետո առաջին նախագահի հետ խորհրդակցել, նրա՝ արտաքին հարցերով ավագ խորհրդականի հետ խորհրդակցել, որովհետև 30 տարվա պետականության ընթացքում միայն Տեր-Պետրոսյանի թիմն է պետականամետ գործեր արել, նույնիսկ եթե նաև սխալներ է ունեցել:
Մի՞թե հնարավոր չէր լսել, թե նրանք ինչ են ասում և ինչու, եթե ժամանակ չունեիր պատմության վերաբերյալ գիտելիքներդ այնքան հարստացնելու, որպեսզի հասկանաս, թե պատմական օրինաչափությունները ուր կարող են տանել այս կամ այն ընտրության դեպքում:


Մի՞թե հնարավոր է, որ մարդը Հիսուս դառնա. նրան մոտենալն անգամ շատ դժվար է:
Մի՞թե հնարավոր է մարդուն, այս դեպքում՝ Լևոնին, հավասարվել, առանց նրանից սովորելու կամ գոնե հեռվից նրա գործունեության դրվագները ուսումնասիրելու: Մի՞թե հնարավոր է Լիպարիտյանի փորձը շրջանցել՝ մտածելով, թե մի անփորձ, բայց մի քանի տեղ սովորածը կարող է ավելի լավ դիվանագետ լինել: Վերջապես մի՞թե կարելի է դիվանագիտության մեջ ժուլիկություն անել:


Մի՞թե կարելի է հեղափոխական կամ ներքին քաղաքական հռետորաբանությունը, տեքստը դիվանագիտական դաշտ տեղափոխել և արկածախնդրորեն մի ողջ ժողովրդի ճակատագիր վճռել»: