ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհուրդը երեքշաբթի կքննարկի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին բազային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը: Այս մասին երկուշաբթի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Վաղը ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհուրդը կքննարկի ՄԱԿ-ի իրավական հիմքի վրա պատրաստված՝ ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին բազային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը: Այն ենթադրում է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին համակարգող պետության հետ համաձայնության միջոցով»,-ասել է Զասը:


Նա նշել է, որ փաստաթուղթը ստորագրումից հետո կվավերացվի կազմակերպության անդամ երկրների խորհրդարաններում: