«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերությունը կարող է տուգանվել 5 մլն դրամի չափով: Այս հարցը ներառված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օգոստոսի 7-ի նիստի օրակարգում: Տուգանքի պատճառ է հանդիսացել 2013 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում բազմաթիվ սպառողների ավելի քան 24 ժամ հոսանքազրկված մնալը:
Երևան քաղաքում գտնվող ԲԵ-10 բաշխիչ ենթակայանը սնող մալուխների վթարային անջատումների և դրան հետևած բաշխիչ ցանցի տասը 6կՎ լարման մալուխների վնասման հետևանքով հոսանքազրկվել են Երևան քաղաքի Բաղրամյան, Թումանյան, Սարմենի, Մոսկովյան, Պլեխանովի, Թամանյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զառուբյան և Անտառային փողոցներում բնակվող 3408 բաժանորդ,
Ընկերությունը գրությամբ հայտնել է, որ բոլոր սպառողները կստանան փոխհատուցում: Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում գտնվող ՏԵ 1169 (Բաղրամյան փողոց, 53 շենք), ՏԵ 5452 (Դեմիրճյան փողոց, 12/14 շենք), ԳԵ 6365 և ԳԵ 1005-ից սնվող բաժանորդները չեն ստացել: Այս ամենի վերաբերյալ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերությունը չի ներկայացրել որևէ պարզաբանում: Օգոստոսի 7-ին կքննարկվի նախազգուշացման և տուգանքի ենթարկելու հարցերը և որոշումն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից: