«Դավաճան» բառը խարան է ցանկացած մարդու, առավել ևս ու առաջին հերթին՝ քաղաքական գործչի համար։ Այդ խարանին չարժանանալու համար բոլոր առողջ մարդիկ փորձում են գործել ու ապրել այնպես, որպեսզի հանրությունը որևէ պարագայում նման գնահատական չհնչեցնի։
Բայց պարզվում է նաև, որ «դավաճանը» ոչ միայն ուղղակի վատ բառ է, այլ նաև թանկ, չափազանց թանկ պիտակ, որից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել զոհել 5000 մարդու կյանք և շուրջ 10.000 քառակուսի կիլոմետր տարածք։ Պատրաստ է եղել և զոհել է։
Դա վտանգավոր, չափազանց վտանգավոր պատրաստակամություն է, քանի որ, եթե որևէ մեկը, այդ թվում ու առաջին հերթին՝ երկրի ղեկավարը պատրաստ է հանուն որևէ բանի զոհել գեթ մեկ մարդու կյանք, նշանակում է, որ նա կարող է զոհել ամեն ինչ։
Մարդը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց։ Իսկ այդ դեպքում մարդկային կյանքերը դառնում են ոչ թե ողբերգություններ, ինչպես առողջ մարդկանց պարագային, այլ վիճակագրություն։
Նիկոլ Փաշինյանն իրականում այլևս ոչ թե Հայաստանի վարչապետն է, այլ «դավաճանի» պիտակից խուսափելու նպատակով զոհվածների վիճակագիրը, սև վիճակագիրը։ Նիկոլ Փաշինյանը, որն իր իշխանությունը սկսեց հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելով՝ ներկայանալով որպես սպիտակ, այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո դարձավ Հայաստանի ամենասև կետը։
Կեղծիքով ու մանիպուլյացիայով իշխանության եկածը հիմա էլ մանիպուլյացնում է գերիներին ու անհետ կորածներին՝ նրանց ծնողներին ներքաշելով սեփական իշխանությունը պահպանելուն ուղղված սեփական խաղի մեջ։
Դա կեղտոտ խաղ է, որովհետև խաղի հեղինակը, ով պատրաստ է եղել «դավաճան» չհռչակվելու համար զոհել 5000 մարդկանց, վստահաբար պատրաստ է լինելու զոհաբերել նաև գերիներին ու անհետ կորածներին։ Եթե կենդանի մարդը Նիկոլ Փաշինյանի համար արժեք չէ, ապա սարսափելի է անգամ պատկերացնել, թե որքան անարժեք է նրա համար զոհված կամ անհետ կորած քաղաքացին։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, իր հաշվարկներում ճակատագրորեն սխալվել է։ Նրան թվացել է, որ Արցախը ոչ թե անարյուն, այլ արյամբ հանձնելով՝ ինքը խուսափելու է «դավաճան» հռչակվելուց։ Նրան թվացել է նաև, որ այդ հարցում իրենց ամենաշատը կարող է օգնել Իլհամ Ալիևը, ում զորքը կապահովեր ու ապահովել է Արցախը ոչ թե՝ անարյուն, այլ՝ արյամբ հանձնելու օպերացիան։
Թվացյալ այդ հաշվարկում, սակայն, Նիկոլ Փաշինյանն այնքան է կտրվել իրականությունից, որ չի գիտակցել՝ «դավաճան» պիտակավորմանը ինքն արժանանալու էր բոլոր դեպքերում, որովհետև այլ պիտակավորման չի կարող արժանանալ Արցախը հանձնողը։
Անարյուն կամ արյամբ՝ առավել ևս։ Նա չի գիտակցել ու չգիտակցումով ընդունել է «դավաճանի» պիտակից ձերբազատվելուն ուղղված Ալիևի օգնությունը՝ կրկին ու առավել ևս չգիտակցելով, որ այդ օգնությամբ Ալիևն իր անխուսափելի դավաճանությունը թաթախել է արյան մեջ։
Աղբյուր՝ 168.am