«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աղմուկը չի դադարում: Նախագծի անցումային դրույթներում կարդում ենք. «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը այդ բուհերում ու գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»: Սա նշանակում է, որ բուհերի ռեկտորներին այսուհետ նշանակելու է նախարարը:
Այն, որ սա հակասահմանադրական է, այլևս քննարկման ենթակա չէ: Սահմանադրության 38 -րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:
Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. արդյոք այս փոփոխությունը վերաբերելու է միայն թափուր մնացած ռեկտորների պաշտոնների՞ն, թե՞ նաև գործող ռեկտորների, որոնք նախարարի սրտով չեն լինի: Հենց այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին, նա առաջարկեց հարցը գրավոր ուղարկել՝ խոստանալով կարճ ժամանակում պատասխանել, ապա զանգահարեց և ասաց, թե հարցին պատասխանելու համար իրավաբանական հարցեր կան, որոնք պետք է ճշգրտվեն:
Այսինքն՝ անգամ նախարարությունը չգիտի՝ ինչ նախագիծ է, ինչ է սահմանվելու նոր նախագծով, ում է վերաբերելու։ Ու այսքանից հետո հարց է՝ ինչու է նախագիծը հրատապ համարվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: