Արցախի կապիտուլյացիան պատրաստել, թղթերով գրել, ստորագրել, գծել են էն մարդիկ, որոնք մեզ հիմա դրա մեջ մեղադրում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա չցանկացավ մեկնաբանել սոցցանցերում տարածված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ ձայնագրությունը։


«Ես այդ ձայնագրությունը, որ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին բան է առաջարկում, Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ պատասխան է տալիս, դրա մեջ որեւէ բան չեմ տեսնում եւ չեմ ուզում խոսել»,- շեշտեց նա։

Դիտարկմանը, թե հիմա էլ ենթադրություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել է այդ գործարքին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Լավ էլի, հենա մտան Նիկոլ Փաշինյանի տուն, տեսանք՝ ինչ ենթադրություններ կան, մի հատ 70 000 դրամանոց հայկական ժամացույց»:

Հարցին, թե նախագահին նման բան առաջարկելն ի՞նչ է նշանակում, Ալեն Սիմոնյանն ընդգծեց, թե կարող է ասել, բայց չի ուզում հիմա իրավիճակը սրել եւ գնահատականներ տալ։

Հիշեցնենք, որ bagramyan26 տելեգրամյան ալիքը երեկ սկանդալային ձայնագրություն էր հրապարակել, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիեւի անունից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիեւին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից: