Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որոշումներ կայացնել. իր ամենամեծ խնդիրը եղել է դա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, դեպի Ազգային ժողով քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով սցենարին, որ Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստվում է արտահերթ ընտրությունների, եւ այդ համատեքստում կարո՞ղ է Արարատ Միրզոյանն ընդունելի թեկնածու լինել, Վանեցյանն ասաց. «Նա մնացել է իր նախկին մանիպուլյատիվ դաշտում եւ մշտապես փորձում է մարդկանց խաբել: Որոշում չկայացնելը պատերազմի օրերին բերեց արհավիրքի: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար որոշում կայացնել եւ պատերազմի 3-4-րդ օրը կանգնեցնել պատերազմը, մենք կունենայինք քիչ զոհեր, քիչ կորցրած տարածքներ: Եթե նա որոշում կայացնել հոկտեմբերի 19-20-ին, մենք էլի կունենայինք ավելի քիչ զոհեր, ավելի քիչ կորցրած տարածքներ: Հիմա Նիկոլ Փաշինյանը մինչեւ որոշում կայացնի, որ պետք է հեռանա, մենք կունենանք անդառնալի հետեւանքներ մեր ներքին կյանքում»: