Yelaket.am-ը գրում է․
Քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն։ Վերջինիս տուգանել են «ապօրինի» շինարարական թույլտվություն տրամադրելու համար։
Ինչպես Yelaket.am–ին տեղեկացրել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ ք․ Երևան, Թամանյան փողոց N 2 շենք, 67 տարածք, բն․ 35 հասցեում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բաժանմունքի կողմից իրականացված դիտարկումների և հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են մի շարք խախումներ։
«Տեսչական մարմնի կողմից պարզվել է, որ նախագծման թույլտվությունը (ՃՀԱ) տրամադրվել է սահմանված կարգի խախտումներով՝ նախագծման թույլտվության մեջ նշված կատեգորիան չի համապատասխանում քննարկվող օբյեկտի չափանիշներին, որի հիմքով 12․07․2020թ․ վարչական պատասխանատվության է ենթարկվել ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրողը՝ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը»,– ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի կողմից մեզ տրամադրված գրությամբ։
Ընդգծենք, որ վերոնշյալ տարածքում է գտնվում հայտնի «Թեմուրնոց» ռեստորանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Կասկադ համալիրի տարածքում գտնվող «Թեմուրնոց» ռեստորանի սեփականատերը մտադրված է զվարճանքի օբյեկտ կառուցել և շահագործել բնակելի շենքի նաև 2-րդ հարկում։ 2019թ․–ի նոյեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հ. 01/18-Ս-9043-1529 շինարարական թույլտվությամբ նախատեսվել է բնակելի տարածքը վերակառուցել հասարակականի։ Թույլտվությունը, սակայն, տրամադրվել է ՀՀ կառավարության N 88 որոշման խախտմամբ՝ հաշվի չի առնվել բնակիչների կարծիքը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 2-րդ հոդվածի հիմքով, վերջինիս նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ տուգանք 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։
Վերոնշյալ «գործարքի» մանրամասները՝ հաջորդիվ։
աղբյուր yelaket.am Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/11598