Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է, թե հիմնադրամն ինչու է պատերազմի ընթացքում համահայկական հանգանակության փողի մի զգալի մասը հատկացրել կառավարությանը: Արշամյանը փաստացի ասել է, որ հիմնադրամի փողը ծածկել է կառավարության սոցիալական ծախսերը, որպեսզի թույլ տա ազատված փողով իրականացնել ռազմական հավելյալ ծախսեր:

Պատերազմը պահանջում է շատ փող: Դեռեւս 2005-06 թվականներից սկսեց առաջանալ ահռելի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն կազմում էր այնքան, որքան Հայաստանի պետական ամբողջ բյուջեն էր: Այն ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ չնայած դրան, Հայաստանը պաշտպանական ոլորտում չի ծախսելու Ադրբեջանից մի կոպեկ պակաս: Այդուհանդերձ, տարբերությունն ու դինամիկան կատարելու էր իր գործը եւ դա անշուշտ հասկանում էր նաեւ Հայաստանի ժամանակի քաղաքական ղեկավարությունը:

Ամբողջ հարցն այն է, թե ինչ էր արվում հասկանալով հանդերձ: Խնդիրը շատ պարզ է՝ Հայաստանը պետք է ապահովեր ոչ միայն սպառազինության, այլ պատերազմի վարման ֆինանսական պաշար: Բաքվի նավթի ու գազի պայմաններում մրցակցելու համար Հայաստանից պահանջվում էր անել առավելագույնը՝ տարբերության վիհ թույլ չտալու համար:

Հայաստանն առավելագույն արդյունավետությամբ պետք է տնօրիներ իր ռեսուրսները, այդ թվում՝ հանքահումքային: Դա ենթադրում էր, որ հանքահումքային ռեսուրսի շահագործումը պետք է կատարվեր պետական որոշակի մասնակցությամբ, երբ պետությունը կլիներ ոչ միայն հարկահավաք, այլ նաեւ մասնակից, ու շահույթով հնարավոր էր ձեւավորել հատուկ հիմնադրամ: Պայմանականորեն՝ պատերազմի հիմնադրամ:

Սակայն, Հայաստանի հանքահումքային ռեսուրսը ամբողջապես բաժանվել է տարբեր տնտեսական ներքին ու արտաքին խմբերի միջեւ, սպասարկել այդ խմբերի տնտեսական եւ քաղաքական շահերը:

«Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման եւ ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այդ մարտահրավերներին», ասված է Հայաստանի կառավարության դեկտեմբերի 10-ի որոշման մեջ: Որոշումը վերաբերում է Համաշխարհային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որի նպատակը հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումն է:

Ինչո՞վ է «այժմ պահը բարենպաստ»՝ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար, ըստ Հայաստանի կառավարության:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/11/607334/