Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ շաբաթ օրը օգտվելով այն փաստից, որ ռուս խպաղաղապահները դեռեւս չեն տեղակայվել այդ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ իրենց հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Գործողությունների ընթացքում Արցախի ՊԲ 6 զինծառայողներ վիրավորվել են: տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ նախօրեին ԱԽ նիստում ասել է, որ քննարկման առարկա է, թե ինչու ռուս խաղաղապահները չէին տեղակայվել այդ հատվածում. «Փաստ է, որ շաբաթ-կիրակի օրերին խաղաղապահները տեղակայվել են այնտեղ, ինչպես նաեւ հրապարակել են իրենց պատասխանատվության գոտում քարտեզը, որտեղ ներառված են Խծաբերթ, Թաղավարտ գյուղերի այդ շրջակա եւ հարող տարածքը: Սա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ նշանակում է, որ քանի որ այդ տարածքը եղել է հայկական ուժերի ենթակայության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո:
Իհարկե, Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները ունեն սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաեւ ռուսական խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները եւ Խծաբերդ, Հին թաղեր հատվածի ճակատագիրը ռուսական խաղաղապահների առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ որ Արցախի ՊԲ-ն չի կարող գործել այն տրամաբանությամբ, ինչպես գործում են ադրբեջանցիները: Նկատի ունեմ, որ հայկական կողմը չպետք է անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»,-ասաց Փաշինյանը: