Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։
«Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքու այցից հետո ժամանել են Երևան։
Այսօր նրանք հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ նաև կառավարությունում։
ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու: