Lragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

Տիկին Բեգիջանյան, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է Բաքվում Թուրքիայի նախագահ Էրդողանի հնչեցրած խոսքերին: Էրդողանը Բաքվում բանաստեղծություն է արտասանել, որտեղ մատնանշելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասում է, թե այնտեղ ապրողներին բռնի ուժով բաժանեցին մեզանից։

Զարֆին ասել է, որ Էրդողանը տեղեկացված չէր, որ նրա ասածը Արաքսից հյուսիս ընկած տարածքներին է վերաբերում, որոնք բռնի ուժով բաժանվել են իրանական հայրենիքից։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

Գյուլիստանի պայմանագրերով Արաքսի հյուսիսային ափը, որը Իրանի կազմի մեջ է մտնում, Իրանից անջատվում էր: Ավելի ուշ՝ 1918 թվականին, արդեն հարյուր տարի հետո դարձավ Ադրբեջան: Եվ այդ ժամանակ այդ բանաստեղծը գրեց պոեմ Արաքսի մասին՝ Արազը կիսեցին, ավազով այն լցրեցին։ Ես քեզ երբեք չէի լքի, մեզ ուժով բաժանեցին: Ահա այս տողերը Էրդողանը սխալ մեկնաբանեց, նա նույնիսկ չի էլ հասկացել այս բանաստեղծության իմաստը:

Զարիֆի ասածը դա էր, որովհետև այդ բանաստեղծությունով խոսում է ընդդեմ Ադրբեջան պետության, որտեղ ասվում է, որ դրանք իրանական տարածքներ են, որոնք մայր հայրենիքից՝ Իրանից բաժանվել են: Զարիֆը Էրդողանին միաժամանակ անուղղակիորեն մեղադրում է Իրանի ներքին գործերին խառնվելու համար, որովհետև նրա բնորոշմամբ՝ մեր սիրելի Ադրբեջանի մասին ոչ ոք իրավունք չունի խոսել:

Էրդողանը այսպիսով սրո՞ւմ է Իրան-Թուրքիա հարաբերությունները:

Էրդողանը Թրամփի նման էքսցենտրիկ է քաղաքականության մեջ: Եվ այս դեպքում ինքը փորձել է ոգևորել ադրբեջանցի ժողովրդին, որ տեսեք՝ մենք ձեզ այս հաղթանակը պարգևեցինք, բայց իր նպատակը Հարավային Կովկասում դիրքերն ամրացնելն է:

93 թվականի հոկտեմբերի 17-ին, երբ հայերն արագորեն առաջ էին գնում, Իրանի այն ժամանակվա նախագահին հրավիրել էին Բաքու/Իրանի նախագահն իր հուշերում գրել է այդ հանդիպման մասին/, Ալիևը առանձնազրույցում ասել է՝ եթե դուք հիմա մեզ չփրկեք, հայերը կհասնեն մինչև Բաքու: Դուք եկեք, մեր երկիրը դարձրեք իսլամական, ինչ ուզում եք արեք, միայն թե մեզ փրկեք:

Իրանի նախագահն էլ ասել էր, որ սա հիմա ոտքի վրա պատասխանելու հարց չի, մենք կմտածենք, որովհետև հիմա տարածաշրջանային լուրջ ցնցումներ ենք ապրում: Իհարկե, այստեղ մի քիչ չափազանցված է ներկայացված, բայց այստեղ իրականություն է: Ավելի ուշ, Իրանը բացասական պատասխան տվեց: Եվ հիմա այս անգամ, ըստ իս, Ալիևի տղան նույն բանը առաջարկել է Էրդողանին և նա ասել է՝ այո, փոքր եղբայր, քո կողքին եմ, և հիմա Ալիևը բոլոր իրավունքները տվել է Թուրքիային: Եվ հիմա մենք գործ ունենք Թուրքիայի հետ:

Այստեղ հայտնի հայտարարությունից հետո ամենավտանգավոր կետը իններորդ կետն է, որը վերաբերում է ճանապարհ բացելուն: Այն կոչ է անում միջանցք ստեղծել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի հարավային հատվածով՝ Իրանի սահմանի մոտակայքում։ Իհարկե, սա Իրանի համար անընդունելի է:

Իրան էր ժամանել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս եք գնահատում:

Իրենք եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու Իրանին, որ նա շնորհավորել է, նաև կարևորում են, որ հաղթանակից հետո Իրանի ԱԳ նախարարը ուղևորվեց այնտեղ որպես երախտագիտության քայլ:

Մյուս կողմից, բոլոր դեպքերում իրենք ընդունում են, որ Ադրբեջանի անկախության մեծ մասը տվել են Թուրքիային և հիմա ուզում են Իրանի հետ հարաբերությունները ճշգրտել, որ անկախ են, չեն ենթարկվում Թուրքիային: Իսկ պաշտոնական մակարդակում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու հարցն է:

Աղբյուր՝ Lragir.am