Lragir.am-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 21-ին խոսելով Մերձավոր Արեւելքում, Կովկասում, Աֆրիկայում անվտանգային ռիսկային միջավայրերի մասին, մատնանշել է ՌԴ անվտանգային խնդիրներն ու առաջնահերթությունները:
Պուտինի թվարկած հինգ կետերում հատկապես ուշադրության է արժանի վերջին երկուսը: «Ռազմական գիտության զարգացում, ժամանակակից հակամարտությունների փորձի ուսումնասիրում, մի շարք բանակներում նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված սպառազինության ի հայտ գալու հանգամանքի հաշվի առում»:
Հաջորդը, որ ըստ Պուտինի պետք է անել, «արհեստական ինտելեկտի տարրերով տեխնիկայի, ռոբոտացված համալիրների, անօդաչուների, կառավարման ավտոմատացված համակարգերի յուրացումն է»:
Փաստացի, Ռուսաստանի Դաշնության նախագահն անուղղակիորեն անդրադարձել է Արցախի պատերազմի խնդիրներին եւ ակնարկել դրանից դե ֆակտո դաս քաղելու անհրաժեշտության մասին:
Բանն այն է, որ 2020 թվականի ընթացքում Ռուսաստանը երեք ուղղությամբ հայտնվել է անուղղակի, սակայն իր շահերն ու հետաքրքրությունը կենսականորեն շոշափող ռազմական բախումներում, երեք դեպքում էլ գործնականում տանուլ տալով:
Նախ սիրիական Իդլիբում Ռուսաստանի աջակցությամբ առաջ շարժվող սիրիական կառավարական բանակը ստիպված էր կանգ առնել եւ կրել մեծ կորուստներ, այն բանից հետո, երբ հակառակ ուղղությունից շարժվեց թուրքական զինուժը, կիրառելով Բայրաքթարները: Հաջորդը Լիբիայում էր, երբ ռուսական աջակցությամբ Տրիպոլիի գրավման հավակնող գեներալ Հավթարի բանակը ստիպված էր նահանջել իր նպատակներից, կորցնելով ռազմական նախաձեռնությունն ու կրելով մեծ կորուստ: Դա էլ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ առավել ակտիվ միջամտեց Թուրքիան եւ կիրառեց Բայրաքթարները:
Երրորդը Արցախն էր, որտեղ մեծ կորուստներ կրեց հայկական բանակը: Մեծ հաշվով, դա եւս ռուսական ռազմական պարտություն էր, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն է եղել Հայաստանի անվտանգային գործընկերը հետխորհրդային շրջանում: Ի դեպ, այս խնդիրը լայնորեն քննարկվում է ռուսական փորձագիտական շրջանակներում, ընդհուպ Գլխավոր շտաբի «ֆրոնտմենների»:
Ընդ որում, հատկանշական է, որ Բաքվում դեռեւս Իդլիբից եւ Լիբիայից հետո բավականին բաց տեքստով գրում էին, որ թուրքական այդ ռազմական հաջողությունները կարող են կիրառելի լինել նաեւ Արցախում, որտեղ հայկական ուժերը պատրաստված են եւ կռվելու են ռուսական մոդելով:
Այդ համատեքստում, դեկտեմբերի 21-ի Պուտինի հայտարարությունները բավական խոսուն են, երբ Ռուսաստանի նախագահի մակարդակով այդ պետության առաջ դրվում են անցնող տարվա ռազմական կոնֆլիկտներից դաս քաղելու հրամայականներ:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/21/609904/