Այս օրերին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմարանում տեղի է ունենում ամանորյա տոնավաճառ, որտեղ իրենց իսկ կողմից պատրաստված ապրանքները հնարավորություն են ստացել վաճառելու Արցախի մեր հայրենակիցները։ Տոնավաճառն առաջին անգամ կազմակերպվում է Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմարանում, ինչը բացառիկ հնարավորություն է միավորելու արվեստն ու բարեգործությունը։
Տոնավաճառի ընթացքում հնարավոր է ձեռք բերել կախարդական ձեռագործ իրեր, կտորե պայուսակներ, արցախյան թեյեր ու չրեր, բնական կոսմետիկա, զարդեր, տիկնիկներ, հուշանվերներ և քաղցրավենիք: Հատկապես աչքի են ընկնում Հադրութից բերված օղիներն ու անուշաբույր մեղրը Մարտակերտից։ Տոնավաճառը գործում է արդեն 2 օր, սակայն դեկտեմբերի 25-ին և 26-ին ևս հնարավորություն կա այցելելու և ձեռք բերելու ամենայուրօրինակ իրերն արցախցիներից։
Տոնավաճառին հաջորդելու է նաև ամանորյա միջոցառում փոքրիկների համար։ Դիրիժորի կախարդական փայտիկի շարժումով, մեծ նվագախմբի կատարմամբ, կհնչեն հատվածներ հրաշագործ-կոմպոզիտոր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետից։
Ինչպես նշել են կազմակերպիչները՝ 2020 թվականը ծանր տարի էր բոլորի համար, բայց մենք չենք կարող մանուկներից խլել իրենց տարեմուտի Հեքիաթը, չէ որ հենց նրանք են անկեղծորեն հավատում և սպասում ամանորյա հրաշքին: