«Եւ Երեւանի, եւ Բաքվի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական եւ կառուցողական հարաբերությունների ապահովումն է թույլ տվել Պուտինին լինել միջնորդ այդ կարգավորման հարցում», պատմել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է news.am-ը:

Ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ պետք է ասել Ադրբեջանի նախագահին, քանի որ Պուտինն անձամբ է զբաղվել դրանով եւ բազմաթիվ օրեր է անցկացրել հեռախոսափողը ձեռքին: Վլադիմիր Պուտինը նաեւ բանակցել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասել է Պեսկովը:

«Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, նրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը բարձր գնահատելի են, դրանք դժվար է գերագնահատել», ասել է Պեսկովը:

Ղարաբաղյան պատերազմը ռուսական պաշտոնական քարոզչության եւ դրա թեզերով առաջնորդվող հայկական մեդիայի ջանքերով ներկայացվում է ադրբեջանա-թուրքական հարձակում-ՀՀ կառավարության դավաճանություն-Ռուսաստանի փրկիչ դեր «հայեցակարգով»: Այս քարոզչությունը սաստկանում է ժամանակի ընթացքում, ինչը վկայում է, որ այդ հայեցակարգը սկսում է ճաքեր տալ: Ընդ որում, սաստկացող քարոզչության ընթացքում կամա թե ակամա բացահայտվում են ամենատարբեր մանրամասներ, որոնք անաչառ ու պրպտուն հետազոտողի համար բացում են ամբողջական պատկերը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/28/611417/