Lragir.am-ը գրում է.
Արցախում դեռ ամբողջությամբ չեն հաղթահարել շոկը, որը պայմանավորված է ոչ այնքան ճակատի իրավիճակով, որքան քաղաքական գնահատականի բացակայությամբ եւ ստի ու քարոզչության առատությամբ։ Արցախցիների մի մասին կարծես դիտավորյալ դատապարտել են փոքր օգնության համար հերթ կանգնելու, մյուս մասին շեղել Սորոսի մասին լեգենդներով, երրորդներն ասում են, որ հիմա վտանգավոր է անկախության մասին խոսելը, իսկ ոմանք էլ բացահայտ խոսում են ռուսական անձնագրերի մասին։
Այս պրոպագանդան, սակայն, չի կարող թաքցնել մարդկանց ինքնապաշտպանության ու սեփական իրավունքների պաշտպանության բնական ձգտումը։ Հանրության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց, եւ հակառակորդը պատրաստվում է այն պահին, երբ Արցախում սթափ միտքն ու ոգին կգերիշխեն։
Դավիթ Իշխանյանն ասում է, որ Արցախի կարգավիճակի հարցը եւ տարածքների վերականգնումը կապված է անվտանգության հարցերի հետ, որոնց մասին այդքան շատ են խոսում։ Այս մասին դեռ վաղ է խոսել, հիմա ոչ ոք չի կարող անվտանգության երաշխիքներ տալ՝ չնայած ռուս խաղաղապահներ են տեղակայված, բայց մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվությունը, ասում է Դավիթ Իշխանյանը։ ՀՅԴ ներկայացուցիչն ասում է, որ մեր տարածքներն օկուպացված են՝ ավելացնելով, որ անվտանգության բաղադրիչները, որոնց մասին խոսում է Հայաստանի վարչապետը, «հեքիաթ են ու միայն ծիծաղ են առաջացնում»։
Արցախում սկսում են խոսել կարգավիճակի ու տարածքային ամբողջականության մասին։ Դրա իրավունքն ըստ էության ճանաչում են Բաքվում եւ Անկարայում։
Ադրբեջանն Աղդամի շրջանում մոնիտորինգի կենտրոնի համար շենք է կառուցում, որը պատրաստ կլինի երկու շաբաթից։ Այս մասին ասել է Իլհամ Ալիեւը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը։ «Պատերազմից երկու ամիս անց սպառնալիքներ դեռ կան։ Մեր տարածքում գործում են Հայաստանի չվերահսկվող զինված ուժեր, եւ նրանց մի մասը չի ուզում հեռանալ։ Հետեւաբար, դա սպառնալիք է։ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ռեւանշիստական հայացքներ ունեն, բացահայտ հայտարարում են, որ մի օր պատերազմ են սկսելու Ադրբեջանի դեմ ու օկուպացնելու են ադրբեջանական հողերը։ Դա նրանց համար ինքնասպանություն կլինի։ Նման փորձերը կանխվելու են տեղում։ Այդ պատճառով տարածաշրջանում պետք է մոնիտորինգ ու վերահսկողություն լինի, եւ ես վստահ եմ, որ թուրք-ռուսական կենտրոնը պատվով կկատարի այդ գործառույթը։
Էրդողանը Հայաստանի զինվորականներին խորհուրդ է տվել անհապաղ դադարեցնել հրադադարի խախտումները Ղարաբաղում։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ թուրք զինվորականները, որոնք նոյեմբերի 10-ին Ադրբեջանում մասնակցում էին զորահանդեսին, ընդունվել են նույն «ուրախությամբ, որով 102 տարի առաջ դիմավորում էին կովկասյան իսլամական բանակին, որն ադրբեջանական հողերը մաքրել է հայ դաշնակներից ու բոլշեւիկներից»։
Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն վստահ է, որ հայերը մի օր կպաշտպանեն իրենց իրավունքները։ «Հնարավոր է, շատ շեհիդներ ունենանք։ Նրանք փորձելու են գրոհել մեզ որոշակի տարածքներ վերադարձնելու համար։ Ադրբեջանական պետության համար լուրջ խնդիրներ են լինելու։ Պուտինն ասել է, որ պետք է մոռանալ ղարաբաղյան հակամարտության մասին, բայց մեկ օր անց ռուսական պետության ղեկավարը խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այսինքն, այս ամենը ցույց է տալիս, որ հարցը սպառված չէ», ասել է Ջալալօղլուն։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/05/612536/