Փաստաբան Նորայր Նորիկյանը գրել է․

✅2020թ. նոյեմբերի 9-ին 17 քաղաքական կուսակցություններ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության ինքնակամ ու անցնցում հեռացումը և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:


✅Նույն ուժերի կողմից նոյեմբերի 11-ից սկսած մինչև տարվա վերջ կազմակերպվեցին հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, ճանապարհների փակում և այլ տեսակի ակցիաներ՝ նույն պահանջով:

✅2020թ. դեկտեմբերի 3-ին նշված կուսակցությունները ստեղծեցին «Հայրենիքի փրկության ազգային շարժում» և վարչապետի միասնական թեկնածու ընտրեցին Վազգեն Մանուկյանին:

✅Ներկայացված ծրագրի համաձայն՝ Վ. Մանուկյանը պետք է դառնար ժամանակավոր կառավարության վարչապետ, մեկ տարի անց կազմակերպեր արտահերթ ընտրություններ՝ դրանց անձամբ չմասնակցելու պայմանով՝ հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար:

✅Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ այս ուժերն իրենց առջև դրված խնդիրը լուծելիս ամբողջությամբ ձախողվել են, քանի որ նրանց ցույց տված արդյունքը զրո է:

✅Նման իրավիճակը ոչ միայն պայմանավորված էր այդ ուժերի առանցքում կանգնած նախկին քաղաքական ռեժիմների գոյությամբ, որոնց նկատմամբ հանրությունն իսկապես ունի ընդգծված հակակրանք, այլև որևէ այլընտրանք չներկայացնելու իրողությամբ:

✅Այս ուժերը չներկայացրեցին որևէ ռազմավարական հարցի վերաբերյալ տարբերվող տեսակետ, որն այսօր խոսում ու իրագործում է Նիկոլ Փաշինյանը:

✅Այս ուժերը չպատասխանեցին այն հարցերին, թե կոնկրետ ի՞նչ կանեին գերիների վերադարձման, անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման հարցերով, Սյունիքի սահմանների հստակեցման հարցերով, անօթևան մնացած հազարավոր ընտանիքների խնդիրների լուծման հարցերով, և ամենակարևորը՝ Արցախի հակամարտության և նրա վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացում, որ չի անում կամ այլ կերպ է անում այս իշխանությունը:

✅Ակնհայտ է, որ գործող իշխանության ու 17 քաղաքական ուժերի դիրքորոշումները միմյանցից հեռու չեն:

✅Այդուհանդերձ, ավելի ազնիվ կլիներ, որ այդ ուժերը նաև հայտարարեին, թե ովքե՞ր էին լինելու Վազգեն Մանուկյանի կառավարության անդամները: Մասնավորապես՝ պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը և պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

✅Ավելի՛ն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ո՞վ էր լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

✅Ակնհայտ է, չէ՞, որ նշված անձանց անունները հրապարակելու դեպքում իրենք էլ ավելի մեծ անվստահության էին հանդիպելու:

✅Ինչևէ՛, ինձ համար իսկզբանե ակնհայտ է եղել, որ մեր երկիրը կանգնած է ինստիտուցիոնալ իշխանություն և որակապես նոր քաղաքական համակարգ ստեղծելու խնդրի առաջ:

Հնի ու նորի ՛՛Պայքարի՛՛ արդյունքում եռացող քաղաքական համակարգը մեզ շպրտում է ավելի հետ:

✅Մի կողմից խաթարված է գործող իշխանության լեգետիմությունն ու էապես նվազել նրա քաղաքական հեղինակությունը, մյուս կողմից՝ գործող իշխանությունը ներկայումս չունի անհրաժեշտ ազդեցություն ունեցող և քաղաքական իշխանությանը հակակշռող ընդդիմություն:

✅Այսպես շարունակվելու դեպքում վաղ թե ուշ քաղաքական իշխանությունը լճանալու է, երկիրը կանգնելու է անձնակենտրոն քաղաքական համակարգի վտանգի առաջ:

✅Որոշ մարդիկ և ուժեր պետք է օբյեկտիվորեն հանգեն հետևության, որ իրենց ժամանակն անցել է և իրենք այլևս քաղաքական դաշտում անելիք չունեն:

✅Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալ այս գահավիժումը և պարտավոր ենք ձեռնարկել համարժեք քայլեր մեր իրական արժեհամակարգին ու ազգային ինքնությանը հարիր պետության կայացման համար:

✅Այս ճանապարհով գնալու դեպքում մենք հնարավորություն ենք ստանում ստեղծել արդյունավետ և ուժեղ պետություն, որտեղ հասարակությունը կապրի ինքնաբավ ու բարեկեցիկ:

✅Հաստատուն, հավասարակշռված և հաստատակամ քայլերով գնալու ենք այդ ճանապարհով և ստեղծելու ենք իրական ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…