Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահներ Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացրել են Ելիսեյան պալատից, Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռուսախոսազրույցի ընթացքում հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական լուծման համար միջազգային համագործակցության կարեւորության մասին: Ելիսեյան պալատում նշել են, որ Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել տարածաշրջանում մարդասիրական իրավիճակի վրա: Նա նաեւ նշել է, որ պետք է սկսել Լեռնային Ղարաբաղում «քաղաքական լուծման» քննարկումը: «Քաղաքական գործիչներն այդ ուղղությամբ համաձայնել են համակարգել իրենց գործողությունները», փոխանցում է RFI-ը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբում գործողությունների համակարգման շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման վերաբերյալ մի շարք հարցեր», ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Ինչի մասին են պայմանավորվել Մակրոնը եւ Պուտինը: Հատկանշական է Ելիսեյան պալատի եւ Կրեմլի հաղորդագրությունների տարբերությունը. վերջինիս մեջ չի նշվում քաղաքական լուծման մասին: Ռուսաստանը ներկայում փորձում է չեզոքացնել Մինսկի խումբը, կամ դրա դերը հանգեցնել եռակողմ պայմանավորվածությունների լեգիտիմացմանը: Միեւնույն ժամանակ, Մակրոնը զգուշացնում է, որ քաղաքական որոշումները չեն կարող ընդունվել միայն Ռուսաստանի կողմից, եւ առանց Փարիզի ու Վաշինգտոնի դրանք լեգիտիմ չեն համարվելու:

Հնարավոր է՝ այդ մասին Մակրոնը ասել է նաեւ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, Մոսկվա այցից առաջ: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման օրակարգն ունի տնտեսական բնույթ եւ առնչվում է հաղորդակցությունների բացմանը, միջազգային բեռնափոխադրումներին, այդ թվում Հայաստանից Իրան եւ Ռուսաստան: Նա նշել է նաեւ, որ Մոսկվայում նախատեսված չէ Ղարաբաղի կամ տարածքային որեւէ հարցով փաստաթղթի ստորագրումը:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ «կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացումն ու տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը: Հատուկ ուշադրություն կհատկացվի մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացմանն ու ապաարգելափակմանը»:

Ըստ ամենայնի, Ելիսեյան պալատի հաղորդագրությունը նշանակում է, որ հաղորդակցությունների բացումը, հումանիտար հարցերի լուծումը եւ նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը չեն համարվելու «քաղաքական լուծում»:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/