Իշխող եւ մերձ շրջանակները Մոսկվայում եռակողմ նոր հայտարարության ստորագրումը փորձում են ներկայացնել Հայաստանի շահերի տեսակետից, իսկ մի կայտառ պատգամավոր նույնիսկ ասել է, թե Ռուսաստանն այդ հայտարարության հարցում գործել է Հայաստանի շահից: Այս շրջանակները հրճվանքով ներկայացնում են Նախիջեւանով ու «ադրբեջանով» Իրան ու Ռուսաստան երկաթուղափոխադրումների հեռանկարը, թեեւ չի հասկացվում, թե այդ ինչ պետք է փոխադրեին Իրան ու Ռուսաստան, որ մինչ այդ չէին կարող փոխադրել: Կամ որքանով է այդ հեռանկարը փոխհատուցում պատերազմի արդյունքները Հայաստանի համար՝ սա ընդհանրապես սրբապղծություն է թվում:
Տվյալ պարագայում արդար կլիներ, եթե այս շրջանակները հայտարարեին, որ իրենք լինելու են Երեւան-Բաքու-Ռուսաստան գնացքի առաջին փոխադրվողները: Ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ լինելու է Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը: Քանի որ իշխող վարչակարգի իդեա-ֆիքսը Սերժ Սարգսյանին հասնելն ու անցնելն է, օրինակ 800 հեկտարի դիմաց 8000 քառակուսի կիլոմետր, ի տարբերություն նրա՝ իրենք կարող են իսկապես լինել առաջին փոխադրվողները:
Տվյալ պարագայում, սակայն, ակտուալ է ոչ միայն Սերժ Սարգսյանի դեպքը, այլեւ Վազգեն Մանուկյանը, ով 17-ի վարչապետի թեկնածուն է: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ մտավ իր «Պատերազմ թե խաղաղություն» բանդագուշանքով, Վազգեն Մանուկյանի ծրագրային հոդվածն ավելի հողեղեն էր՝ «Գնացքից թռչելու ժամանակը», որն այն մասին էր, թե երբ պետք է լքել խորհրդային փլուզվող կայսրությունը:
Մոսկվայի եռակողմ հայտարարությունից առաջ Վազգեն Մանուկյանը սպառնաց, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը, եւ նրա ստորագրած որեւէ փաստաթուղթ իշխանափոխությունից հետո չեղարկվելու է: Այնպես որ, իշխող ուժն իր վարչապետի գլխավորությամբ, որը սիրում է մտքերի «սինթեզը», թեեւ դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում, կարող է իր իրականացրած Տեր-պետրոսյանական բանդագուշանքից հետո լսել Վազգեն Մանուկյանի խորհուրդը՝ ճիշտ պահին ճողոպրել այդ գնացքից: Ամեն եռակողմ հայտարարությունից հետո կայսրության գնացքն արդեն գնում է անվերադարձ: