Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մոկրոնին. այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է ներքին դժվար խնդիրներով, Ֆրանսիան իր հնարավորությունների սահմաններում միայնակ անում է հնարավորը՝ կանխելու ռուս-թուրքական պրոյեկտը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը (նախագահը Միքայել Հայրապետյանն է):

Հայտարարությունում նաեւ ասվում է. «70 տարի Ազատ աշխարհը և խորհրդային համակենտրոնացման ճամբարներում տառապած այլախոհները, այդ թվում՝ չափազանց շատ հայեր, հսկայական միտք, ջանք, միջոցներ ու կյանք դրեցին ընդհանուր թշնամուն՝ Չարիքի կայսրությանը հաղթելու համար: Հույս ունենք, որ Արևմուտքը չի ընդունի նաև ընդհանուր թշնամու՝ Չարիքի կայսրության հայրերի՝ Լենինի և Ստալինի մոտեցումները, այդ թվում՝ նրանց գծած անարդար սահմանները:


Այսօր ավտորիտարիզմի և ռուս-թուրքական հակաքաղաքակրթական դաշինքի դեմ փոքրիկ Հայաստանը գրեթե միայնակ է հարավկովկասյան ճակատում:

Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանապահի մեր առաքելության մեջ ակնկալում ենք Արևմուտքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առավել գործուն և կտրուկ միջամտությունը Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման, հայ գերիների վերադարձի, սահմանային վերահսկողության, ռուս-թուրքական պրոյեկտի խափանման հարցերում:

Արևմուտքի հազարամյա սահմանապահ ժողովուրդը բարոյական իրավունք ունի իր դաշնակիցներից արդարամտության և պարտքի կատարման ակնկալության»: