«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով:

Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, քանի որ ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են, թե չեն ցանկանում Փաշինյանի հետ գնալ ընտրությունների, եւ նա պետք է հրաժարական տա:


Արտահերթ ընտրությունների տարբերակներ են քննարկվում նաեւ կուլիսներում, եւ իշխանությունը կանգնած է լուրջ խնդրի առջեւ: Բանն այն է, որ իրենք որքան էլ ցանկանան արտահերթ ընտրություններ անցկացնել, դրա համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, գործընթացներ, որոնք լի են խոչընդոտներով:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ պետք է ընտրվի 66 կողմ ձայնով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծես համակարծիք չէ այդ տարբերակի հետ եւ իշխանական գործիչների հետ տարբեր զրույցների ժամանակ հայտարարել է, որ երբ Փաշինյանը հրաժարական տա, ինքն առաջադրելու է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Վերջինս նաեւ բանակցությունների մեջ է ԲՀԿ-ի հետ, իսկ հայտնի է, որ խորհրդարանական երկրորդ ուժը վարչապետի թեկնածու առաջադրելու մասով հավակնություններ չունի, հետեւաբար խորհրդարանում մնում է առաջադրվող միակ թեկնածու Մարուքյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ պատգամավորներից մեկն էլ նման հավակնություններ ունի, իսկ սա նշանակում է, որ խորհրդարանի լուծարման իրավական գործընթացը հագեցված է խոչընդոտներով:

Ու դատելով այս իրավիճակից՝ կարծես թե Նիկոլ Փաշինյանը հակված է հերթական ընտրությունների գնալու: Ամեն դեպքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ակտիվ հանդիպումներ կազմակերպելու հրահանգ տվել է՝ շոշափելու քաղաքացիների տրամադրությունները, այնուամենայնիվ, ընտրությունների կոնկրետ ժամկետ դեռ չի շտապում ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում