Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Նա Երեւանում կլինի հունվարի 27-ին: Այցից առաջ Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել:
Իրանը պատերազմի օրերին զորքեր կուտակեց իր հյուսիսային սահմաններին, հայտարարելով, որ թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն, ինչպես նաեւ զգուշացնելով ջիհադիստներին։ Աշխարհքաղաքական սահման ասելով Թեհրանը նկատի ուներ թերեւս Հայաստանի «միջազգայնորեն ճանաչված» սահմանը Մեղրիի հատվածում։ Թուրքական ներխուժման եւ Նախիջեւան-«Ադրբեջան» ցամաքային կապի հաստատման խոսակցությունների ֆոնին Թեհրանի այդ հայտարարությունը նախազգուշացում էր, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ «միջանցքը» նախատեսված է, ռուսական ԱԴԾ վերահսկողությամբ, եւ հնարավոր է՝ թուրքական «սանիտարական կարդոնով»։ Փոխարենը, Իրանի ու Հայաստանի միջեւ հաղորդակցություն է առաջարկվում Նախիջեւանով, որը խնդրահարույց է բոլոր առումներով։
Իրանը ողջունեց «Ադրբեջանի տարածքային ամբողջության վերականգնումը», մասնակցելով Հայաստանի շրջափակմանը։ Միեւնույն ժամանակ, փորձագետները նշում են այն վտանգները, որոնք առաջացել են Իրանի համար նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ «Աշխարհքաղաքական սահմանի» փոփոխություն տեղի է ունեցել, դա հայկական բանակի վերահսկողության կորուստն է Հորադիզ-Սյունիք գծով, ներկայում Սյունիքով Իրանին կապող ճանապարհը նույնպես հայտնվել է ռուս-թուրքական վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է ջիհադիստներին, Մոսկվան արդեն հայտարարել է, որ դրանք վտանգ չեն ներկայացնում, այսինքն՝ համաձայնել է նրանց ներկայությանը Իրանի հետ սահմանամերձ տարածքներում։
Նոյեմբերի 9-ից հետո երկու պետություն դադարեցրել են գոյությունը, Ռուսաստանը չափազանց ծանր գին է վճարելու իր իրականացրած այս ծրագրի համար, իսկ Իրանը կարող էր խուսափել նույն ճակատագրից՝ դիմադրելով Մոսկովյան սցենարի իրագործմանը, ինչպես նաեւ քաղաքականությունը չենթարկելով «գաղափարայնացված իրողություններին»։ Փոխարենը, Իրանը «վերջնական կարգավորման» ինչ որ ծրագիր էր պտտում Մոսկվայից Անկարա՝ երեւի փորձելով իր բաժինը ստանալ ռուս-թուրքական համաձայնություններից։
Զարիֆի հայտարարությունն այցից առաջ վկայում է, որ իրավիճակն այս առումով չի փոխվել։ Իսկապե՞ս Մոսկվան, Բաքուն և Թբիլիսին այն երկրներն են, որոնք «կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել», Երեւանն էլ՝ մասնակից իր հաշվին խաղաղությանը այն երկրների կողքին, որոնք մասնակցել են Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմին:
Դա նման է դավաճանությունն ընդունելուն, սակայն ոչ միայն ուշացած, այլեւ սկզբունքորեն անընդունելի եղանակով։ «Գաղափարայնացված իրողությունների» ֆոնին, երբ նախագահ Րուհանին շեշտում էր հայերի պատկանելությունն իրանական քաղաքակրթությանը (սա ընդհանուր տեխնոլոգիական քայլ է իրանցիների եւ շրջապատի կազմակերպման հարցում), դա ենթադրում է հավասարություն այսպես կոչված «ադրբեջանցիների» հետ, ինչը կրկնակի անընդունելի է:
Նախ, հայերը իրանական աշխարհի մաս չեն եւ չեն լինելու՝ Իրանը ինքն է պարտական հայ վերաբնակներին։ Երկրորդ՝ հայերը թույլ չեն տա իրանական ծավալապաշտական ծրագրերի իրականացում Կովկասում հայկական շահերի հաշվին, մասնավորապես Նախիջեւանում եւ Արցախում։