Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2020-ի հունվար-փետրվարին, մեր իշխանությունները կենաց-մահու պայքարի մեջ էին Սահմանադրական դատարանի դեմ։ Երբ վերադառնում ես այդ օրերի լրահոսին, ապշում ես, թե ինչքան ատելություն, ինչպիսի կիրք, ինչ նպատակասլացություն էր դրսեւորում Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանին եւ ՍԴ նախկին կազմը փոխելու համար։ Ահա 2020 թ․ փետրվարի 6-ի ելույթն ԱԺ-ում, որտեղ նա գործող ՍԴ-ն անվանում է «ուղիղ եւ սարսափելի սպառնալիք» ժողովրդավարության համար, որն արգելակում է մեր երկրի զարգացումը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «ՍԴ է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի վոչդոգ»։


Որքա՜ն պետք է իրականությունից կտրված եւ սեւեռված լինի երկրի ղեկավարը, որն ասի՝ «հենց Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը», եւ սպառնա․ «Նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու»։ Ինչքա՜ն պետք է իրական վտանգներն ու իր ներքին վախերը շփոթած լինի, որ հայտարարի․ «Նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա բան չմնաց՝ իրենց Սահմանադրական դատարանը իրենց կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու»:

Պարզվեց՝ ո՛չ ՍԴ-ն, ո՛չ թալանչի կոռուպցիոներներն ունակ չէին մեր ժողովրդի լավատեսությունն այնպես «ծծելու», ինչպես արեց ինքը՝ շահարկելով ժողովրդի անունն ու հանդես գալով նրա շահերի անվան տակ։ Իսկ ՍԴ-ի շուրջ իր հորինած ճգնաժամը ոչինչ է այսօրվա իրական ու վտանգավոր ճգնաժամի կողքին։

Աբյուր՝ https://hraparak.am/post/828bd227e53f8257d960b5d6ab1e15e7