Թուրքիան ու Ռուսաստանը տարածաշրջանում տրանսպորտաին ուղիների բացումը հայտարարել են Արցախի պատերազմի գրեթե գլխավոր նպատակ: Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը հաղորդակցության հարցեր է պարունակում:


Բայց մեծ է հավանականությունը, որ այդ նախագծերն այդպես էլ չիրացված կմնան, քանի որ շատ են դրանց բացմամբ ոչ շահագրգիռ կողմերը: Եվ այն, որ տարածաշրջանն արդեն 100 տարի «չի բացվում», վկայում է, որ դրա փակ լինելուց օգուտն ավելի շատ է, քան բացումից:

Այժմ Հարավային Կովկասն արգելափակում է Իրանից ու Թուրքիայից Ռուսաստան, Պարսից ծոցից Միջերկրական ծով, Թուրքիայից Ադրբեջան եւ այնտեղից Կենտրոնական Ասիա ուղիղ ցամաքային ճանապարհը: Դա աշխարհքաղաքական հարցեր է լուծում: Օրինակ, Իրանն արդեն երկար տարիներ իր երկաթուղին չի կապում ադրբեջանականին Ռեշտ-Աստարայով: Վրաստանը բացել է Ռուսաստանի հետ կապող 8 ճանապարհներից միայն մեկը՝ ամենավտանգավորը, որ մշտապես վերահսկի Ռուսաստանից Հայաստան մատակարարումները:

Նոյեմբերի 9-ից հետո Ռուսական երկաթուղիների փոխտնօրեն Սերգեյ Պավլովը հանդիպել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալաիին եւ ընդգծել Ռուսաստանի պատրաստակամությունը՝ օջակցելու Հյուսիս-Հարավ մայրցամաքային միջանցքի մնացած հատվածի շինարարությունն ավարտելու հարցում: «Ներկայում Հյուսիս-Հարավ միջանցքի բացման ճանապարհին հիմնական խոչընդոտն են մնում Ռեշտ-Աստարա եւ Չաբախար-Զահեդան երկաթուղային անավարտ հատվածներն Իրանի տարածքում», – ասել է Պավլովը:

Թուրքիան ու Ռուսաստանն այդպես էլ չեն կարողացել լուծել իրենց աշխարհքաղաքական ու տրանսպորտային խնդիրները Վրաստանի ու Իրանի տարածքով, եւ որոշվել է «բաժանել» Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային միջանցքների: Ալիեւն օգտվել է այդ հանգամանքից՝ դրա դիմաց ստանալով տարածքային բոնուսներ: Հայաստանը կամ չի գիտակցում իր նշանակությունը, կամ էլ «մինչեւ վերջ վաճառվել է»:

Տրանսպորտային ապաշրջափակման դանդաղումը սակայն վկայում է խորքային խնդիրների մասին: ԱԳ նախարար Արա Այվազյանի այցը Վրաստան եւ Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին Վերին Լարսը շրջանցող թունելի շինարարության մեկնարկը կարող են վկայել, որ Վրաստանում ու Հայաստանում կա փոխըմբռնում, որ Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումը ձեռնտու չէ: Թբիլիսին պատրաստ է ապահովել ավելի հարմարավետ միջանցք, որ չզրկվի Հայաստանից ու Թուրքիայից դեպի Ռուսաստան տրանզիտից:

Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Զուրաբ Բաթիաշվիլիի խոսքով, Թուրքիայի համար Նախիջեւանի ու Ադրբեջանի միջեւ ճանապարհը լինելու է թյուրքալեզու բնակչության հետ միավորող ամենակարճ ճանապարհը: Վրաստանում մտահոգություն կա, որ նոր համաձայնագրի իրագործման արդյունքում Վրաստանի տարանցիկ գործառույթը կթուլանա:

 
Հայաստանի տարածքով ռուս-թուրք-ադրբեջանական միջանցքների հարցում Իրանը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Հնարավոր է, հունվարի 27-ին Իրանի ԱԳ նախարար Զարիֆի Երեւան այցի ժամանակ այդ մասին խոսվի:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ «Մոսկվան հասկանում է Թեհրանի մտահոգությունը, թե Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններն ինչպես կազդեն իրանական տարանցիկ շահերի վրա, որոնք հատուկ կարեւորություն ունեն ամերիկյան պատժամիջոցների պայմաններում:

Մինչ օրս Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհն անցնում է իրանական տարածքով: «Մեղրիով նոր միջանցքը կթուլացնի Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա, իսկ Թուրքիան հասանելիություն կստանա դեպի Ադրբեջան առանց Իրանի կամ Վրաստանի տարածքը հատելու անհրաժեշտության»,- գրում են ռուս փորձագետները:

Իրանի նապագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հանդիպել է Իրանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին: Մուստաֆաեւը հերքել է Ադրբեջան-Նախիջեւան երկաթուղու կառուցման ժամանակ Իրանի շահերը անտեսելու մասին խոսակցությունները՝ դրանք կեղծ լուր անվանելով ու ընդգծելով, որ այդ երկաթուղու վերականգնմամբ հաշվի են առնվում 6 երկրի՝ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի շահերը:

Հայաստանը թույլ փորձեր է անում գոնե ինչ-որ օգուտ քաղելու եւ թույլ չտալու միջանցք Մեղրիով, որը Ռուսաստանն Ադրբեջանով կկապի Թուրքիային:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտնել է, որ Երեւանը դեմ է, որ Ադրբեջանից Նախիջեւան երկաթուղին եւ մայրուղին անցնեն Մեղրիով եւ պնդում է Իջեւանի վրա: Մուսաբեկովը հիշեցրել է, որ խորհրդային ժամանակ կար Ղազախ-Իջեւան երկաթուղին: Այն անցնում է Հայաստանի ամբողջ տարածքով, ապա՝ Նախիջեւան, Իրան եւ Թուրքիա: Պատգամավորի կարծիքով, հենց դա է հայկական կողմն ուզում վերականգնել: Բայց դա ձեռնտու չէ Թուրքիային, որը ստիպված է լինելու Ադրբեջանին կապվել Հայաստանի ողջ տարածքով:

Հայաստանը կարող է իր պայմանները թելադրել, ու եթե Ադրբեջանն ու Թուրքիան չհամաձայնվեն, ապա տրանսպորտային միջանցքները, որի բանալին Հայաստանի ձեռքին է, կարող են չբացվել:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/24/616183/