Արցախի նախագահի պաշտոնում մնացած Արայիկ Հարությունյանը մեկ տենդաբար Հայաստան է գնում աջակցության համար, մեկ դիմում սփյուռքին փողի համար, մեկ էլ հանդիպումներ անցկացնում Արցախի բնակիչների հետ՝ խոստումներ տալով ու փորձելով իր վրայից մաքրել մեղքը։ Արցախում մարդիկ վաղուց արդեն չեն հավատում խոստումներին, բայց հարց են տալիս՝ ինչ կլինի վաղը եւ ով է պաշտպանելու իրենց իրավունքները։


Սոցցանցերում գրում են, որ Արայիկ Հարությունյանը հանդիպումների ժամանակ ասում է, որ դժվար որոշումները դեռ առջեւում են, բայց ինքը, իբր, ոչինչ չի ստորագրելու, որը դեմ կլինի մեր ժողովրդին։ Հարությունյանի խոսքն ընկալվում է որպես նախազգուշացում, որ հիմա իրեն «ստիպում են» ինչ-որ նոր բան ստորագրել։


Է՞լ ինչ դժբախտություն են նախապատրաստում Արցախի համար։ Գլխավոր հարցը բանակն է։ Արցախը կունենա՞ իր բանակը։ Ստեփանակերտում ասում են, որ Ռուսաստանն ի դեմս Մուրադովի փորձում է «համոզել» Հարությունյանին, որ բանակ պետք չէ, եւ մի վայրում չի կարող երկու բանակ լինել։ Չնայած Հարությունյանը շատ ավելի մեծ բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, քան գեներալ Մուրադովի բրիգադը, բայց նա լուռ հետեւում է ռուս գեներալի հրամաններին։

Այն, որ բանակի հարցն ուզում են լղոզել, վկայում է նաեւ նոր որոշումը, որի մասին արդեն հայտարարվում է Արցախում։ Խոսքը աշխարհազորի ստեղծման մասին է, որում ընդգրկվելու են մինչեւ 58 տարեկան աշխատունակ տղամարդիկ։ Նրանք կանգնելու են դիրքերում ու պահելու են սահմանները, ռուսական զորքերի դիրքերի կողքին։ Բայց եթե փող կա, ավելի լավ չի՞ պրոֆեսիոնալ բանակ պահել, այլ ոչ թե աշխարհազորայինների։ Ո՞վ է ստիպում Արցախի ղեկավարությանը հրաժարվել սեփական բանակից։

Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ այժմ պատերազմի հավանականությունը հասցված է նվազագույնի, չնայած ռուս խաղաղապահները մանդատ չունեն։ Նա կարծում է, ընդհակառակը, որ Արցախին պետք է ուժեղ բանակ, բայց ողջ բնակչությունը պետք է ծառայի։

Նոյեմբերի 9-ին Պուտինի գրած հայտարարությունում, որը Հայաստանն ու Արցախը կատարել են, անգամ չի քննարկվում, ոչ մի բառ չկա Արցախի բանակի մասին։ Խոսքն ընդամենը հայկական բանակի դուրսբերման մասին է 3 շրջաններից։ Ինչու՞ է Արցախի ղեկավարությունը փորձում ընդառաջ գնալ ռուս գեներալին, որն անգամ մանդատ չունի, եւ լուծարել սեփական բանակը։ Դրանից հետո Ստեփանակերտն ինչպե՞ս է պնդելու իր սուբյեկտայնությունը։ Թե՞ արդեն սուբյեկտայնությունից էլ ենք հրաժարվել։

Թե Երեւանում, թե Ստեփանակերտում գեներալ Մուրադովի հանձնարարությունների կատարումը բացատրում են միայն մի փաստարկով՝ կարող է պատերազմ սկսվել։ Բայց մարտական գեներալ Վիտալի Բալասանյանն ասում է, որ հիմա պատերազմի հավանականությունը նվազագույն է։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/25/616441/