«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մասնագետների խումբը, որի կազմում ճանաչված գիտնականներ են, ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր է մշակում:
Աշխատանքները կտևեն մոտ կես տարի: «Առայժմ հետազոտություն ենք կատարում, ուսումնասիրում ենք պաշտոնական տեղեկատվությունը, տեղերում հանդիպումներ ենք ունենում, հանդիպումներ ենք ունենում Արցախի բնակչության հետ: Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տուրիզմ՝ բոլոր ոլորտները նայում ենք»,- պատմում է խմբում ներգրավված տնտեսագետ, Սլավոնականի պրոռեկտոր էդուարդ Սանդոյանը:
«Այս փուլում մենք գիտական հետազոտություն ենք կատարում, որի արդյունքում կհայտնաբերվեն ուժեղ և թույլ կողմերը, հետո փորձարկելու ենք, թե աշխարհի լավագույն փորձն այս կամ այն ոլորտում ինչպես կարելի է տեղայնացնել, հաշվի առնելով Ղարաբաղում առկա բոլոր խնդիրները»:
Գաղափարը Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանինն է, իսկ աշխատանքային խումբը ղեկավարում է Հրանտ Բագրատյանը: Հուլիսին գիտնականները պաշտոնական հանդիպումներ են ունեցել ԼՂՀ կառավարությունում: