«Ցանկանում եմ շնորհավորել նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը մեր տարածաշրջանում այն ճգնաժամին վերջ դնելու համար: Եվ մենք այսօր մտնում ենք մի նոր շրջան, որտեղ մենք հույս ունենք, որ տարաձայնությունները կվերածվեն համագործակցության և փոխգործակցության: Եվ մենք կարող ենք, հիմնելով տարածաշրջանային համագործակցության վրա, շարժվել դեպի սիներգիայի ստեղծում և գտնել այն ուղիները, որոնք փակվեցին տասնամյակներ, բացել այդ ուղիները, որպեսզի դրանք հանգեցնեն այս ողջ տարածաշրջանի տնտեսական առաջընթացին», Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է Իրանի ԱԳ նախարար Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարի տուռնեն ներառում է այն երկրները, որոնցից, ինչպես ասել էր Զարիֆը, կախված է խաղաղության հաստատումը՝ Բաքու, Մոսկվա, Երեւան, Թբիլիսի, Անկարա։ Զարիֆի հայտարարությունը Մոսկվայում թվում է հերթապահ խոսք, եթե չլիներ մի նրբություն։
2020-ի դեկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մատչելի բացատրել էր ՌԴ-Թուրքիա հարաբերությունների էությունը․ «Մենք չունենք Թուրքիայի հետ ինչ-որ սկզբունքային տարաձայնություններ: Ներկայում մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը կհարթեր բոլոր այդ հակասությունները, կհաղթահարեր դրանք։ Այդպիսի բոլոր դեպքերում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան գտնում են շփման կետեր, ուղիներ սիներգիա գրանցելու, ջանքերը համադրելու համար: Ահա դա էլ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում»։
Այդ սիներգիան Լավրովը երեւի առանձին բացատրել է նաեւ Զարիֆին, ով տպավորված կրկնել է այդ եզրը։ Արցախի դեմ ահաբեկչական պատերազմում Իրանի պահվածքին անդրադարձել ենք նախորդիվ, նշենք միայն, որ հրադադարից հետո Թեհրանը շնորհավորել էր Բաքվին «սիրելի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», իսկ նախօրեին Բաքվում Զարիֆը շնորհավորել էր «Ադրբեջանի կառավարությանը վերջին հաղթանակների կապակցությամբ»։
Այսպիսով, Իրանը, որին Ռուսաստանն ու Թուրքիան նախ դուրս թողեցին Կովկասի «աստանացումից», ապա մերժեցին կարգավորման նրա պլանը, ավարտվեց որպես շրջանի լուրջ խաղացող եւ հանձնվեց ռուս-թուրքական «սիներգիային», բավարարվելով «տրանզիտային շահերը» չանտեսելու մոսկովյան խոստումներով եւ ստանձնելով վեցի պլատֆորմի սազանդարի դերը՝ հակահայկական համաձայնությունների կատարման երաշխիքով։ Ավելի կտրուկ ձեւակերպմամբ՝ Իրանը իր բաժինն է ճշտում Հայաստանի մասնատումից եւ Երեւանում թերեւս կփորձի դրա դիմաց լրացուցիչ ճնշում բանեցնել հայկական կողմի վրա՝ լավրովյան պլանից ու 6-ի պլատֆորմից չհրաժարվելու համար։
Գեոպոլիտիկ սահմանների փոփոխություն թույլ չտալու եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին հայտարարություններն իրարամերժ են եւ մատնում են Իրանի քաղաքականության տապալումը։ Իրանը ճանապարհ է հարթել արդեն իր հանդեպ ռուս-թուրքական սիներգիկ պլանի իրագործման հնարավորության համար, «անվտանգության միջանցքներով»։
Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը եւ նոյեմբերի 9-ից հետո իրադարձությունները չափազանց թանկ են նստելու դրա հեղինակների ու շահառուների վրա։ Իրանը կարող էր խուսափել դրանից՝ մանր ու կարճաժամկետ շահերի հետեւից չընկնելու պարագային։ Հիմա արդեն ուշ է, իր հերթին անընդունելի են Արցախում եւ Նախիջեւանում հայկական շահերի հաշվին Իրանի ծրագրերի իրականացման փորձերը։