Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման օրը Հայաստանի կառավարության շենք ներխուժած մարդիկ գողացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը։ Արմենպրեսի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ այդ, ինչպես նաեւ գողացված 13 այլ անձնագրեր չեղարկվել են։ Նաղդալյանն ասել է, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի կառավարության շենք մի խումբ անձանց ներթափանցման հետեւանքով գողացվել է 14 դիվանագիտական անձնագիր։


Հունվարի 26-ին Օրբելի կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություն է հրապարակել, որ ադրբեջանցիները մեծ գումարի դիմաց Ղազախստանում իրեն են փոխանցել Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը։ Դա տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, այսինքն՝ ԱԳՆ նշած ժամկետից ավելի շուտ։


Ինչպես են հայկական անձնագրերը, առավել եւս, Փաշինյանինը, հայտնվել ադրբեջանցիների ձեռքում։ ԱԳՆ-ն, փաստացի, չի հերքում անձնագրերի իրական լինելը։ Չարժե փորձել պարզել՝ արդյոք անձնագրերը գողացվել են, թե հայկական անձնագրերի ստացման անօրինական մեխանիզմ է ստեղծվել։ Բայց փաստն այն է, որ Հայաստանի ազգային անվտանգության համակարգում ճեղքերը դարձել են ոչ միայն համընդհանուր ծաղրի առարկա, այլ նաեւ Հայաստանում ու Արցախում շատ երկրների հատուկ ծառայությունների գործունեության համար բարենպաստ միջավայր։ Հենց դա էր պատերազմի ժամանակ խուճապի ու բարոյալքման գործոններից մեկը։


Հադրութի բնակիչները հայտնում էին, որ հայերեն խոսող, բայց ակնհայտորեն ծագումով ոչ հայեր Հադրութում կային դեռ նախքան ռազմական գործողությունների մեկնարկը։ Հետո տեղեկություններ հրապարակվեցին հայկական անձնագրերով ադրբեջանցիների Արցախ գալու մասին։ Պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտի նկուղներ էին մտնում հայկական զինվորական համազգեստով մարդիկ, որոնք հազիվ էին խոսում հայերեն եւ կասկածելի հարցեր էին տալիս։

Պատերազմի առաջին օրերին Արցախի նախագահի որոշմամբ Ղարաբաղ տելեկոմ ընկերությունն անցավ պետական կառավարման։ Ասում են, որ ընկերության տվյալները, իբր, հասանելի են դարձել օտարերկրյա հատուկ ծառայություններին։ Բարձրաստիճան պաշտոնյաները պատմում էին, որ իրենց զանգում էին «շտաբից» ու «հրամայում» փոխել տեղակայման վայրը։ Կային դեպքեր, երբ պարզվել է, որ հրաման տվող սպան իրականում գոյություն չունի։ Ասում են նաեւ, որ խուճապն ու նահանջի հրամանները նույնպես տալիս էին անհասկանալի ծագմամբ հայերեն խոսող մարդիկ։

Արդեն պատերազմից հետո Գառնիկ Իսագուլյանը պատմեց ադրբեջանցիների մոտ հայտնված հազարավոր հայկական անձնագրերի մասին։ Ղարաբաղում պատմում են վերջին տարիներին Շուշիում ապրած մի մարդու մասին, որը, ինչպես պարզվեց Շուշիի հանձնումից հետո, ամենեւին էլ հայ չէր։

Մի խոսքով, Հայաստանը թշնամական պետությունների հետախուզական գործունեության համար դարձել է բաց դաշտ, չնայած 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հրամայականների նշել էր Հայաստանի հատուկ ծառայությունների՝ աշխարհի լավագույններից մեկը դառնալու մասին։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ 3-4 տնօրեն է փոխել՝ այդպես էլ չբացատրելով ինչի համար։ Արցախում ԱԱԾ ղեկավարին հեռացրել են դեկտեմբերի 22-ին, բայց նորին դեռ չեն նշանակել։ Կամ այդ պաշտոնն արդեն ավելորդ է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ պաշտոնապես աշխատելու ֆոնին (սահմանների հսկողություն), կամ էլ Արցախ խաղաղապահների մուտքից հետո համարվում է, որ ազգային անվտանգությունը հուսալի ձեռքերում է։ Եվ բանակի «փակման» կողքին, «փակվում է» նաեւ ազգային անվտանգությունը։

Ո՞վ կարող է կանգնեցնել այս հանցավոր անկումը, երբ երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը հանձնվել են «դաշնակցի» ողորմածությանը, որը մեր թշնամիներին անվանում է իր ընկերներ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/27/617007/