ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը ոսկերչական է որակել:

Լրատվամիջոցների հետ հարցազրույցում նա հիշեցրել է 2016 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրացման մասին՝ հավելելով, որ «այդ ժամանակ քարտեզ էր պատրաստվել, բայց, ցավոք, երկրները դրանից չօգտվեցին»: Այս ամենը, նրա խոսքով, «հանգեցրեց նոր հակամարտության՝ ավելի երկարատեւ, մեծ թվով զոհերով»:
«Եվ շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ, ընդ որում՝ աշխատանքը եղել է ոսկերչական, ես մի օր այդ աշխատանքին հետեւել եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր տեւող բանավեճեր է վարել այս հակամարտության բոլոր մասնակիցների միջեւ. եթե նրա աշխատանքը չլիներ, անկեղծ ասած, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչեւ հիմա»,- շեշտել է Մեդվեդեւը: Նա հավելել է, որ «սա վիթխարի աշխատանք էր, ինչի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է մեծապես շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»:

Այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության «թեժ փուլը» դադարեցվեց, «ընդհանուր առմամբ, իրադրությունը հանդարտվեց, եւ սա ամենագլխավորն է, մարդիկ չեն զոհվում եւ զարգացման հնարավորություններ կան»,- նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը:

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին «Մոսկվայում հանդիպել են երեք երկրների ղեկավարները եւ նախանշել իրավիճակի տնտեսական առողջացման ուղիները»: «Սա նույնպես անչափ կարեւոր է, քանի որ մարդկանց համար այն ավերածությունը, որի մեջ նրանք ապրում են, որի մեջ հայտնվել են այդ ռազմական գործողությունների հետեւանքով, ամենացավոտն է, բացի, իհարկե, զոհերից: Եվ հիմա կան տնտեսական համագործակցության զարգացման բոլոր հնարավորությունները, բնականաբար՝ աշխատանքի որոշակի չափորոշիչների պահպանման դեպքում, ներառյալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»,- ամփոփել է նա:
Նյութի աղբյուր՝ News.am