Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի, Երևանի «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է ղազախական «Տարազը», հաղորդում է meta-ratings.kz-ը:

Ակումբի ղեկավարները 47-ամյա մասնագետին արդեն ներկայացրել են «Տարազի» ֆուտբոլիստներին: Փետրվարի 2-ին թիմը Մինասյանի հետ կմեկնի Թուրքիա, որտեղ կանցկացնի հավաք:


Վարդան Մինասյանի նախորդ աշխատավայրն էր «Արարատ-Արմենիան», որի գլխավոր մարզիչի պաշտոնը նա լքել էր նախորդ մրցաշրջանի վերջում: Ղազախստանում մարզիչը 2014-2015-ը գլխավորել է նաև «Տոբոլը», որը նրա միակ արտասահմանյան ակումբն էր:

Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տարազը» 20 տուրերում հավաքել է 23 միավոր և գրավել 8-րդ տեղը: