Թուրքիայի կառավարությունը նոր կամ օգտագործված ավիակիր գնելու մասին քննարկումներ է անցկացրել Մեծ Բրիտանիայի հետ, սակայն բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նրանց խոսքով՝ Անկարան խնդրել էր գնել Queen Elizabeth դասի նոր կամ շահագործումից հանված ավիակիր, բայց բրիտանացի պաշտոնյաները մերժել են խնդրանքը: «Նրանք առաջարկել են վաճառել ավիակրի նախագիծը եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել Թուրքիայում շինարարության ընթացքում»,- ասել է աղբյուրներից մեկը:


Թուրքիան արդեն կառուցում է TCG Anadolu թեթեւ ավիակիրը, որը հիմնված է իսպանական SPS Juan Carlos I (L-61) բազմաֆունկցիոնալ դեսանտային նավի վրա: Ակնկալվում է, որ կթողարկվի TCG Anadolu՝ կարճաժամկետ թռիչք եւ ուղղահայաց վայրէջք կատարող ինքնաթիռներ օգտագործելու հնարավորությամբ, ինչպիսին է F-35-ը:

Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու հետ կապված՝ 2019-ին Թուրքիային F-35 ծրագրից հանելուց հետո անհասկանալի է՝ կկարողանա արդյոք TCG Anadolu-ն որեւէ ռազմական ինքնաթիռ տեղակայել իր տարածքում:

«Բրիտանիայի կառավարության հետ խորհրդակցություններից հետո Թուրքիան որոշել է սեփական նավ կառուցել, այլ ոչ թե գնել այն»,- ասել է խնդրին ծանոթ երկրորդ աղբյուրը:

Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նախարարության ներկայացուցիչը չի հերքել եւ չի հաստատել նշված խորհրդակցությունների փաստը:

«Որպես ՆԱՏՕ-ում մերձավոր դաշնակիցներ` Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան ունեն երկարատեւ եւ ամուր երկկողմ պաշտպանական հարաբերություններ` հիմնված համագործակցության եւ փոխգործակցության վրա»,- ասել է նա MEE-ին: «Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան պարբերաբար քննարկում են պաշտպանության եւ անվտանգության մի շարք հարցեր: Մենք չենք մեկնաբանում այդ քննարկումների մանրամասները»:

Թուրքական EDAM վերլուծական կենտրոնի պաշտպանական հետազոտությունների տնօրեն Ջան Ղասաբօղլուն կարծում է, որ թուրքական նավատորմը ափամերձ զսպիչ միջոցից վերածվում է հզոր ծովային նավատորմի` նոր սուզանավերով եւ TCG Anadolu-ով:

«Կառուցման դեպքում (ավիակրի) դա կնշանակի, որ աշխարհառազմավարական հավակնությունները նույնիսկ դուրս են գալիս Միջերկրական ծովի սահմաններից»,- ասել է նա: «Թուրքիան նախկինում երբեք չի ունեցել ավիակիրների նման նավատորմ: Այնպես որ, դա կլիներ օպերատիվ նորույթ: Պաշտպանական տնտեսության առումով փոխադրող ավիացիան շարունակում է մնալ ամենապահանջկոտ հատվածներից մեկը»:

2017 թվականից ի վեր Թուրքիան սկսել է զորքեր ուղարկել տարածաշրջանի մի շարք երկրներ: Նա մեծ ռազմաբազա ունի Արեւելյան Աֆրիկայում, որը ստեղծվել է հիմնականում Սոմալիի զինվորականներին Մոգադիշոյում պատրաստելու համար:

Անկարան բազա ունի նաեւ Կատարում, որը կառուցվել է Պարսից ծոցի ճգնաժամից հետո՝ արտաքին ճնշման դեմ Կատարի կառավարությանը օժանդակելու համար:

2020-ի սկզբից Թուրքիան ավելացրել է իր զորքերի եւ զինված անօդաչու թռչող սարքերի քանակը Լիբիայում, ինչի համար պահանջվում է մատակարարման եւ տրանսպորտային բարդ համակարգ:

Անցյալ տարի թուրք զինվորականները ցույց տվեցին, որ անհրաժեշտության դեպքում կարող են արագ եւ հեշտությամբ մի քանի F-16 եւ վաղ նախազգուշական ինքնաթիռներ տեղակայել հյուսիսաֆրիկյան այդ երկրում:

Ղասաբօղլուն կարծում է, որ Մեծ Բրիտանիան մնում է միակ հնարավոր եվրոպական դաշնակիցը, որը քաղաքական եւ պաշտպանական պատճառներով համատեղ կարտադրի կամ կվաճառի սերիական ավիակիր: «Վստահ չեմ՝ արդյոք սա նպատակահարմար ներդրում կլիներ Թուրքիայի համար, որը գոնե առայժմ չունի արագ տեղակայման կամ օվկիանոսային հավակնությունների ռազմավարական մակարդակ»,- ասել է նա։