ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 2-ին կրկին հայտարարել է, որ պատերազմի ժամանակ «Հայաստանից ՀԱՊԿ-ին ռազմական օգնության մասին որևէ դիմում չի եղել: Հետևաբար` մեխանիզմները գործի չենք դրել»: Նա ողջունել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:


ՀԱՊԿ-ը պատերազմի սկզբից հստակ հայտարարել է, որ չի միջամտելու, ավելի կոնկրետ՝ չի աջակցելու Հայաստանին: Կողքից բերվող պատճառաբանությունները՝ թե ռազմական գործողությունները Հայաստանի տարածքին չեն առնչվել, անհեթեթություն են: Նախ, Հայաստանի տարածքը հարձակման է ենթարկվել բազմիցս, եւ երկրորդ՝ եռակողմ հայտարարության տակ կա Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամի ստորագրությունը:

ՀԱՊԿ-ից բացի, Ռուսաստանը նույնպես հրաժարվել է Հայաստանի հանդեպ իր անվտանգային պայմանագրային պարտավորությունների կատարումից: Հայաստանի անվտանգության նախկին համակարգն այլեւս անցյալում է: Մոսկովյան այս որոշումը Նիկոլ Փաշինյանը ձեւակերպել է որպես «Հայաստանի անվտանգության նոր համակարգի» ստեղծում, անդրադառնալով սահմանային իրադարձություններին:

ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը 2020-ի պատերազմի ուղիղ շահառուներն են թե ռազմական, թե 2015-ից մեկնարկած ՌԴ-Թուրքիա համաձայնությունների ու Լավրովյան պլանի իրագործման առումով: Ավելին, ներկայում արդեն կասկած չկա, իսկ ապագայում կբացահայտվի այն հանգամանքը, որ պատերազմ-2020-ը եղել է ՌԴ եւ Թուրքիայի գլխավոր շտաբների համատեղ պլանավորումը:

ՀԱՊԿ-ը եւ հայ-ռուսական պայմանագրերն այլեւս անցյալում են, ուզենք դա, թե ոչ: Այսպես կոչված անվտանգության նոր համակարգը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի տարածքի մասնատումը ռուս-թուրքական մի քանի պրոտեկտորատներով:

Իր հերթին, այսպես կոչված 6-ի պլատֆորմի ռուս-թուրքական առաջարկը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հաշվին «անվտանգության ու համագործակցության» հաստատման ու ահաբեկչական պատերազմի արդյունքների «լեգիտիմացման» փորձ առավել լայն շրջանակով, որը հանգեցնելու է Հայաստանի պետականության կորստին:

Այս պայմաններում, Հայաստանի անվտանգային քաղաքականությունը պետք է լինի ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ հատուկ կարգավիճակ ստանալու ուղղությամբ՝ անվտանգության հավելյալ երաշխիքներով: Վրաստանի մասով ՆԱՏՕ-ն նման մտադրություններ ունի, եւ այդ առումով հայ-վրացական «բարեկամությունը» կարող է ամրապնդվել անվտանգային այս համակարգում: Ինչ վերաբերում է Իրանին, որը դարձել է ռուս-թուրքական համաձայնությունների սազանդարը, ապա Մոսկվայի տված «տրանզիտային շահերի» զավեշտալի խոստումները պետք է որ համոզած չլինեն հյուսիս-հարավ հաղորդակցության նրա ձգտումների ֆոնին: Իրանը Հայաստանին պետք է խնդրի այդ ճանապարհի հարցում, իսկ Հայաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրումը այդ ճանապարհին հավելյալ անվտանգային երաշխիքներ կտա:

 
Հետխորհրդային տարածքում պտտվող թեզը, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ հատուկ կարգավիճակի հարցում խոչընդոտ են հակամարտությունները, հաղթահարելի է դաշինքի որոշումներով: Սակայն, նույնիսկ այդ խոչընդոտի պարագայում պետք է արձանագրել, որ ինքը Պուտինը հայտարարել է, որ հակամարտություն այլեւս չկա, Ալիեւն էլ կրկնել է նրա այդ հայտարարությունը:

Անվտանգության համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները փարատվում են մի շարք հանգամանքներով: 2015-ից Թուրքիայի հետ համագործակցության ՌԴ «նոր քաղաքականությունը» մեկնարկեց ու հնարավոր դարձավ անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, ստորագրեց ռազմական ոլորտի մի շարք նոր պայմանագրեր Ռուսաստանի հետ, այդ թվում՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի եւ համատեղ զորակազմի վերաբերյալ: Այդ ամենը լիարժեք «դրսեւորվեց» պատերազմի օրերին: Թեեւ հատուկենտ էին այդ փորձագետները, այդուհանդերձ, նրանք դեռ տարիներ առաջ էին զգուշացնում ՀՀ միակողմանի քաղաքականության հետեւանքների մասին:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/04/618551/