Արցախի Պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում` աասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ ըստ նախնական ծրագրերի զինվորները սկսելու են ծառայել երկու տարուց ավելի քիչ ժամանակահատված, իսկ բանակն էլ վերակազմակերպվելու է պրոֆեսիոնալ հիմունքներով։
«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները հերքեցին Արցախի ՊԲ-ի կազմալուծման մասին ասեկոսեները։ Այն չի կազմաքանդվելու, այլ վերակազմավորվելու է։
Կվերանայվեն նաև ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետները՝ երկու տարուց քիչ կլինի։ Որքան կսահմանվի զինվորական ծառայության նոր ժամկետը՝ չեմ կարող ասել, դեռ քննարկման փուլում են։ Իշխանությունները քննարկում են նաև զորքի թվաքանակի վերաբերյալ հարցեր։
Նրանք են որոշելու, թե քանի զինվորական է ծառայելու և ինչպիսի սպառազինություն, ռազմամթերք է ունենալու մեր բանակը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան մամուլում առկա տեղեկությունների՝ ադրբեջանական կողմի պահանջով առաջիկայում կազմալուծվելու է Արցախի Պաշտպանության բանակը, իսկ բնագծերի անվտանգությունը ապահովելու են ռուս խաղաղապահներն ու նոր կազմավորված Արցախի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները։