Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ռուսական գործակալությանը հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։ Քոչարյանը չէր էլ հեռացել, ինչպես պնդում էին նրա կողմնակիցները, սակայն 13 տարի գործում էր ոչ «իր դեմքով»։ Երեւում է դիմակները մի կողմ դնելու ժամանակն է։


Քոչարյանի հայտարարությանը զուգահեռ Հայաստանում հայտարարվեց Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու նպատակով շարժման ստեղծման մասին։ Մինչ այդ ստեղծվեց 17-ի «փրկարար» շարժումը: Շարժումները բազմանում են, իսկ իրավիճակը անշարժ մնում՝ շարժում բառի իմաստազրկմամբ:


Քոչարյանն իր վերադարձի հարցազրույցում նույնպես խոսել է Ռուսաստանի հետ ավելի խորը համագործակցության մասին։ Իսկ մինչ այդ, մեկ այլ հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտ քաղաքականության արդյունքում վերածվել է ռուսական պրոտեկտորատի։


Նախկին նախագահը քիչ ինչ շփոթում է պրոտեկտորատ եզրի իմաստը։ Բանն այն է, որ Հայաստանը ռուսական պրոտեկտորատ է անկախությունից ի վեր, ինչի ավելի տգեղ հետեւանքները խորացան հենց իր նախագահության օրոք։ Հիմա, այն իրավիճակն է, որ ռուսահպատակ ուժերը պետք է երազեն պրոտեկտորատի մասին։ Իրականում Ռուսաստանը մի քանի տարի առաջ հայտարարեց հետխորհրդային տարածքում բլոկային քաղաքականությունը «նեոգաղութատիրությամբ» փոխարինելու մասին, որն ավելի դաժան բան է, քան պրոտեկտորատը, քանի որ պրոտեկտորատի հանդեպ լինում են որոշակի պարտավորություններ։ Ռուսաստանը ոչ ցանկություն, ոչ էլ ռեսուրսներ ունի նույնիսկ նեոգաղութատիրական քաղաքականության համար, ուր մնաց՝ պրոտեկտորատի։

Այս հանգամանքն առավել ցայտուն ընդգծվեց Արցախյան պատերազմում, երբ Ռուսաստանը հրաժարվեց իր երկկողմ եւ ՀԱՊԿ շրջանակում պարտավորություններից եւ ավելին՝ ըստ ամենայնի դիմեց թշնամու հետ համատեղ շտաբային պլանավորման: Պրոտեկտորատի շրջանի ավարտը արտահայտվում է նաեւ գազային սեղմօղակի, Հայաստանին ատոմային էներգետիկայի, երկաթուղային հաղորդակցության եւ այլ ոլորտներում պայմանագրեր ու պարտավորություններ պարտադրելու տեսքով։ Միակ պրոտեկտորատը հիմա Բելառուսն է:

Հետխորհրդային տարիներին ռուսական, առաջին հերթին՝ անվտանգության ոլորտում, խնամակալության վրա մակաբուծող նախագահներն ու ներկայիս կառավարությունը չէին կարողանալու ձեւավորել տնտեսական, քաղաքական ու ռազմական այնպիսի իրողություններ, որոնք կմեղմեին հոգեվարքի մեջ գտնվող իմպերիայի ցնցումները։ Հայաստանը մնաց ամենաթույլ օղակը, եւ դասական կանոններով՝ այստեղ նեոգաղութատիրությունը դրսեւորում է իր ողջ «հմայքը»։

Բնակչության ընդվզումից փրկվելու համար Մոսկվան շտապ օգնություն է ուղարկում իր կամակատարին՝ Նիկոլ Փաշինյանին։ 17-ի ձեւաչափում հավաքված կուսակցությունները հիմնականում կատարել են իրենց պարտավորությունը՝ հավատարմություն դրսեորել կապիտուլյացիայի ռուսական պլանների հանդեպ: Դրանով իսկ հուսալքություն է տարածվել հանրության մեջ: Այդպիսին էր Փաշինյանի ռեժիմի պահպանման տեխնոլոգիան այս փուլում:

Կապիտուլյացիայի վրա հիմնված պրիմիտիվ տեխնոլոգիան, սակայն, երկար աշխատել չէր կարող: 17 կուսակցությունների մեջ մերթընդմերթ ըմբոստ ու հայրենասիրական կոչեր են հնչում Արցախի ճանաչման, կորցրածը հետ բերելու եւ նման վտանգավոր բաների մասին։ Իր իշխանության օրոք, ՀՀԿ-ն որոշակի դիմադրում էր Մոսկվային, փորձելով դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականության շեշտադրումները։ ՀՅԴ շարքերում մնում են հայրենասեր շերտեր, չնայած 1960-ականներին ռուսական հատուկ ծառայությունների ընդերքում ձեւակերպված «հակաթուրքական» կուրսին: Հրայր Մարուխյանից հետո կուսակցության ղեկավարության դեգրադացիային ու ըմբոստ կոմիտեությունների լուծարմանը հակառակ։ Հայրենիք կուսակցության ընդերքում նույնպես կա կորիզ՝ ազգային օրակարգի ընկալմամբ ու պատրաստակամությամբ։

Անհրաժեշտ էր նոր ձեւաչափ, որը ռուսական փրկչության 200-ամյա լեգենդի փլուզման պայմաններում կպահեր Ռուսաստանի հետ «բարեկամության առավելության» հույսերը: Այսպիսով Մոսկվան հնարավորություն կստանար ավարտին հասցնել իր «պատմական առաքելությունը» հայկական լեռնաշխարհում։

Քոչարյանի «խորը ինտեգրացիան» փորձելու են օգտագործել իբրեւ գաղափարային բոլշեւիզմի ուղիղ նմանակ: Երկրորդ նախագահը՝ իր ֆիգուրի ոչ միարժեքությամբ, ապահովելու է Նիկոլ Փաշինյանի անսասանությունը, իսկ փրկված վարչապետը՝ ստանձնելու ինտեգրատորի դերը: Սա է հատուկ ծառայություններին սպասարկող մոսկովյան ինստիտուտներում մշակված առաքելությունը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/07/619197/